Ես գնացել եմ Եռաբլուր, տեսել եմ, իմ երեխու գերեզմանը չկա, նկարը գետնին ընկած. սա սրբապղծություն է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց զոհված զինծառայողի հայրը:
«Էսօր իմ երեխեն ձեր երեխեն ա, ու ձեր երեխու շիրիմը պղծել են: Ասում են՝ վարչապետի հրամանով: Կոչ եմ անում բոլորին հավաքվել կառավարության մոտ, պետք է պատասխան տա էդ հրաման տվողը, որ էսօր Եռաբլուրում հերոսների գերեզման են քանդում»,-ասաց ն:
Մեկ այլ հարազատ էլ հուզված ասաց. «Էդ մարդը երեխու փողը չկերավ, արյունի փողը դրեց շիրիմի վրա: Ծնողը էդ 10 մլն դրամը չկերավ, լրիվ դրեց շիրիմ վրա: Ու էդքանից հետո գան քանդե՞ն: Նախարարին էլ կոխելու եմ ոտերիս տակ: Պատերի տակ պախկվել, հիմա եկել ստեղ գեներալներ են դարձել: Ձեր հերոսի շիրիմն են քանդում, ո՞ւր եք, արա, գնացեք տեր կանգնեք ձեր հերոսի շիրիմին»:
Օգոստոսի 30-ի ցերեկը Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:
Նարեկի հայրը՝ Ռոման Գևորգյանը, ասել է, որ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում, և շիրմաքարը տեղում է եղել, այսօր ցերեկով են քանդել ու տարել այն: Նրա խոսքով, տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա ՊՆ նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից, բայց եկել, տեսել են՝ ո՛չ շիրմաքարը կա, ո՛չ սյուները և ո՛չ էլ նստարանները:
News.am