Ազգային Ժողովի այսօրվա նիստի հիմնական թեման պիտի լիներ փաշինյանական կառավարության տարտամ ծրագրի ներկայացումը, որն, ըստ էության, քաղպայմանագրի՝ նախընտրական ծրագրի անցանկալի խոստումների խմբագրված տարբերակն էր լինելու, եթե մինչ նիստի գալը ինքնահանգստացման կուրս անցած քաղպայմանագրի առաջնորդը՝ ընդդիմադիրներից նեղն ընկած՝ իր սադրիչ տեքստը չարտասաներ՝ ուղղված թիմակիցներին։
ՈՒշագրավ է, որ հատկապես ՀՀԿ-ի ներկայացուցիչների խոսքերն է, որ նրան հունից հանում են։ Եվ հատկապես՝ «կապիտուլյանտ» բառը, ի հավելումն, այսօր ԱԺ ամբիոնից շատ հստակ հնչեց, որ պարտության պայմանագիր ստորագրածին 500-ից ավելի զինված թիկնապահական ջոկատ է ուղեկցել Ազգային Ժողով։ Հնչեցնողը կին էր՝ պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ «Պատիվ ունեմ»-ից։
Ընդ որում, այն Ազգային Ժողով, որի դարպասները մի օր պոպուլիստ- առաջնորդը բացել էր ժողովրդի առջև՝ խոստանալով, որ այլևս երբեք չի փակվելու։ Սակայն, «էն վաղ էր, որ էշը կաղ էր», իսկ հիմա՝ «չտեսավ պատից կախ, տեսավ՝ ճակատից կախ»։
Աուտոտրեյնինգի կուրս անցած Փաշինյանը՝ դեռ նոր-նոր անցած ընդդիմության հարցերի պատասխաններին, ուղղակի չդիմանացավ դրանց և խոսքը դահլիճին ուղղելով, իր կուսակից ԱԺ նախագահին հստակ ցուցում տվեց՝ թե բա՝ «իմ թիմակիցները բավականին մեղմ են արձագանքում»։
Այ, սրանից հետո՝ թիմակիցները 180 աստիճանով փոխվեցին։
Ասենք, Ալեն Սիմոնյանը շեֆի հրահանգից հետո անցավ իր սիրած նեոբոլշևիկյան «լռե՛լ, փակե՛լ, արգելե՛լ, կտրե՛լ, հանե՛լ, արգելափակե՛լ, հեռացնե՛լ» բայերի պերմանենտ օգտագործմանը։ Եվ ուժայինների ձեռամբ՝ ի կատար ածելուն։ Զուգահեռաբար՝ համազգեստավոր զինված թիկնապահների ահագին մի զանգված բոլոր կողմերից խուժեց Ազգային Ժողով՝ իսկական ծեծկռտուք ու դեբոշ սարքելով՝ էլ կանանց քաշքշելով, էլ բռնի ուժ գործադրելով, էլ ընդդիմադիրների վերնաշապիկները պատռելով։ Եվ հիշոցներ, հայհոյանքներ անհամար։
Բնականաբար, խորհրդարանում՝ պետության ղեկավարի ներկայությամբ, ըստ էության «մոդերատորի» նրա դերակատարմամբ և հրահանգով տեղի ունեցած այս աննախադեպ, մի շարք հանցագործություններ պարունակող հարձակումը ընդդիմադիրների վրա, պատահական չէր կարող լինել։
Այն ակնհայտ սադրանք էր, վախի մթնոլորտի ուժգնացմանը միտված, ուղղված՝ ընդդիմադիրներին և լրատվամիջոցներին, և սադրանքի հեղինակը այն մարդն էր, ով որպես ՀՀ վարչապետ եկել էր Ազգային Ժողով ներկայացնելու իր և իր կառավարության ծրագիրը։ Ներկայացրեց։ Այս էր՝ տեսանելի, հասկանալի, շոշափելի։ Էլ ուրիշ ծրագրի չսպասեք․․․
Հիմնական դրույթները ներկայացվեց՝ ներսում, ներքին կյանքում՝ ճնշումներ, ատելություն, անհանդուրժողականություն, ժողովրդավարի դիմակի տակ՝ բռնապետ և բռնապետության հաստատում։ Դրսում, թշնամիների ամբարտավան հոխորտանքի դեմ՝ կռացած, հլու, ինչ ուզեն՝ տալու պատրաստ, հպատակ․․․
Իսկ ընդմիջումից հետո իր ամեն նյարդի վրա դողացող բռնաճնշիչ իշխանության առաջնորդի նյարդերը տեղի տվեցին, տոնը փոխվեց։ Աստվածաշնչյան մեջբերումները հօդս ցնդեցին։
Աղբյուր` Փաստինֆո