Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ փաստական տվյալներ:
Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, Երեւանի քաղաքապետարանը սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության թույլտվություն է տվել Դավիթաշենի 3-րդ թաղամասի՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում բազմաբնակարան բնակելի շենք կառուցել:
Ըստ նախագծի` շենքը պետք է ունենար մեկ կիսանկուղային, երեք վերգետնյա եւ մեկ մանսարդային հարկ: Սակայն ընկերության տնօրենը, լիցենզիա ունեցող կազմակերպության հետ կապալի պայմանագիր կնքելու փոխարեն, կազմակերպել եւ իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն. չպարզված աղբյուրներից շինանյութեր ձեռք բերելու, նաեւ առանց գրանցման կամ աշխատանքային պայմանագիր կնքելու` կանխիկ վարձատրությամբ շինաշխատանքներին անհատների ներգրավելու եղանակով, այսինքն` առանց հաշվապահական որեւէ հաշվառում վարելու իրականացրել է օբյեկտի կառուցապատումը:
Բացի այդ, շեղվելով նախագծից` կառուցվել է վերգետնյա յոթհարկանի բազմաբնակարան շենք՝ ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է ավելի քան 77 միլիոն դրամի վնաս:
Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն։