Ադրբեջանը փորձում է սահմանին իրականացրած իր սադրանքները հիմնավորել՝ իբրև հայկական կողմից իրականացվող գործողություններով: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նշենք, որ վերջին շրջանու մ ադրբեջանական կողմն ակնհայտ կեղծ տեղեկություններ է տարածում՝ իբրև թե հայկական կողմը կրակ է արձակել իրենց դիրքերի ուղղությամբ, ինչը հետագայում հերքվում է ՀՀ ՊՆ-ի կողմից:
Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ Ադրբեջանը, կեղծ տեղեկատվություն տարածելով, փորձում է արդարացնել սահմանին իր իսկ հրահրած սադրանքները.
«Իրականում փաստն այն է, որ հատկապես վերջին շրջանում, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը որոշակի ակտիվություն է ցուցաբերում: Ադրբեջանն իր սադրանքները միջազգային հանրության ընկալելի դարձնելու համար, ինտենսիվ տեղեկատվական հոսքեր է արտադրում՝ պաշտոնական և ոչ պաշտոնական միջոցներով, որպեսզի ցույց տա, թե իր գործողությունները բխում են Հայաստանի դրսևորած պահվածքից»,-ասաց Աբրահամյանը:
Նկատենք, որ Ադրբեջանն իր տարածած կեղծ հաղորդագրություններում հատուկ ընդգծում է, իբրև հայկական կողմերը կրակ են արձակում այն դիրքերի ուղղությամբ, որտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայված:
Պատգամավորի դիտարկմամբ՝ Ադրբեջանը միգուցե փորձում է լարում մտցնել հայկական կողմի և ռուս խաղաղապահների միջև, միևնույն ժամանակ զրուցակիցն ընդգծեց, որ ռուսական կողմը տիրապետում է իրավիճակին և գիտի՝ ով է սադրանքներ իրականացնողը.
«Պաշտոնական Մոսկվայի համար պարզ է, թե ի՞նչ է ուզում իրականացնել Ադրբեջանը, սա մեծ առումով ուղղված է նաև Ռուսաստանի դեմ: Ադրբեջանը նպատակ ունի իրականությունից շեղել միջազգային հանրությանը, այդ պատճառով էլ թեման այդպես է զարգացնում, բայց իրականում ռուսական կողմը անհրաժեշտ գործիքակազմ է կիրառում, մոնիտորինգ է իրականացնում, իրավիճակի վերլուծություն է իրականացնում և իր համար ակնհայտ է, թե՝ ով է իրավիճակի պատասխանատուն և ով է սադրանքներ իրականացնում, ռուսական կողմը իրադրությանը տիրապետում է»,-ասաց Տիգրան Աբրահամյանը: