Դեսպան, իրանագետ Գրիգոր Առաքելյանի էջից, –
Խորհրդարանական ու նախագահական ընտրություններից հետո Հայաստանում և Իրանում ձևավորվում են նոր կառավարություններ։ Բացառությամբ արտաքին գերատեսչության, Հայաստանում արդեն ձևավորված կարելի է համարել ՀՀ կառավարությունը։ Իսկ Իրանում օգոստոսի 12-ին խորհրդարան է հանձնվել ԻԻՀ նորընտիր նախագահ Ռայիսիի առաջարկած կառավարության նոր կազմը, որը մեջլիսի քննարկմանը կարժանանա Իրանի ամենամյա սգո արարողությունների ավարտից հետո։
Բնականաբար, ՀՀ-ում կառավարության կազմի նորընծա անդամներին կհետաքրքրի իրենց իրանցի գործընկերների վարքագիծն ու հայկական իրականության հետ վերջիններիս առնչությունները։ Հասկանալի է, որ հայկական կողմին առաջինը կհետաքրքրի արտաքին աշխարհի հետ կապերի պատասխանատու ԻԻՀ ԱԳ նախարարի, ինչպես նաև հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքները համակարգող իրանական կողմի գերատեսչության ղեկավարի, ավանդաբար՝ ԻԻՀ էներգետիկայի նախարարի մասին գոյություն ունեցող տեղեկատվական բազան։
Այսպիսով, արտաքին գերատեսչության ղեկավար է ընտրվել Հոսեին Ամիրաբդոլլահիանը՝ Իրանի նախկին փոխարտգործնախարար, Իրանի մեջլիսի նախագահի հատուկ օգնական, մեջլիսի արտաքին հարաբերությունների վարչության պետ և պահպանողական թևի կարկառուն ներկայացուցիչը, ով որպես փոխարտգործնախարար աշխատել է թե՛ պահպանողական Սալեհիի և թե՛ չափավորական Զարիֆի արտգործնախարար եղած ժամանակ։ Ամիրաբդոլլահիանը պաղեստիցիների շահերի ջերմեռանդ պաշտպններից է, և հենց այդ պատճառով էլ Իրանի մեջլիսում պաշտոնավարելու ժամանակ խստագույնս դատապարտել է Հայաստանին՝ Թել-Ավիվում դեսպանություն հիմնելու համար։
Արաբական աշխարհի հետ նրա առնչություններն այքան սերտ են, որ վերջինիս արաբերեն լեզվի իմացությունը ստվերում է դիվանագետների շփման համար գլխավոր գործիք համարվող անգլերենը։
Իսրայելում ՀՀ դեսպանությանը վերաբերող հայտարարությունից բացի, հայկական իրականության հետ նրա կապն առայժմ սահմանափակվում է մեջլիսում պաշտոնավարման ժամանակ 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների հետևանքով Իրանին սպառնացող ապակայունացման վտանգի մասին վերջինիս հնչեցրած հայտարարությունով։
ՀՀ կառավարության նոր անդամներին նաև կհետաքրքրի հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքները համակարգող իրանական կողմի գերատեսչության ղեկավարի անձը, ով, ինչպես վերը նշվեց, ավանդաբար՝ ԻԻՀ էներգետիկայի նախարարին է վերապահված։
Չէի ասի, որ հայկական ազգանվան նման [–յան] վերջավորություն ունեցող ազգանուններն իրանցիների մոտ եզակի են։ Բայց զուտ պատահականությունների քամահրանքով, կամ՝ ո՞վ իմանա, հայ գործընկերներին հաճոյանալու համար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի համանախագահի, այլ կերպ ասած՝ ԻԻՀ էներգետիկայի նորանշանակ նախարարի ազգանունն իր նախորդների՝ Չիթչյանի ու Արդաքանյանի նման, այս անգամ էլ [ –յան]-ով է վերջանում։
Այսպիսով, ԻԻՀ էներգետիկայի նորանշանակ նախարարի ազգանունը ՄԵՀՐԱԲՅԱՆ է, որը հայկականից տարբերակելու համար տառադարձում ենք Մեհրաբիան ձևով, այնպես, ինչպես Ամիրաբդոլլահիանինը, Արդաքանիանինն ու Չիթչիանինը։