Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը՝ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում

TV5

Գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վստահ հաղթանակով սկսեց տիտղոսի պաշտպանությունը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում,-հայտնում է news.am-ը:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում մրցեց Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուժուպբեկովի հետ և հաղթեց 4:1 հաշվով:

Առաջին մրցափուլում Ուզուր Ջուժուպբեկովը հայտնվեց պարտերում, իսկ Արթուր Ալեքսանյանը գլորում կատարեց ու հաշիվը դարձրեց 3:0: Առաջին մրցափուլն ավարտվեց հայ ըմբիշի առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանյանը պարտերում հայտնվեց պասիվության համար և հաշիվը դարձավ 3:1, բայց մրցակցին չհաջողվեց միավոր վաստակել:

Ուզուր Ջուժուպբեկովի մարզիչները բողոքարկեցին մրցավարի որոշումը, ինչից հետո հայ ըմբիշին ևս մեկ միավոր շնորհվեց մրցակցի սխալ վիճարկման համար:

Վերջնամասում Հայաստանի ներկայացուցիչն աչքի ընկավ վստահ պաշտպանությամբ և հասավ հաղթանակի՝ 4:1:

Քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 1:5 հաշվով հաղթեց  Ֆինլանդիայի ներկայացուցիչ Արվի Սավոլաինենին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Այսօր պայքարի մեջ  մտավ նաև Կարապետ Չալյանը (77 կգ), որը մեկնարկային գոտեմարտում 5:0 հաշվով հաղթեց ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին:

Իսկ քառորդ եզրափակիչում հաղթեց ռուս  Ալեքսանդր Չեխիրկինին՝ 2:1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ: