«Եգիպտացի մի պաշտոնյա, հետաքրքրված դիմավորողների այդ անսովոր բազմությամբ, մոտեցավ իրեն ծանոթ հայ առևտրականին ու հարցրեց.
-Խավակա (Պարոն), ո՞ւմ եք սպասում…
-Հայոց թագավորին,-պատասխանեց հայը ժպտալով:
Եգիպտացի պաշտոնյան, աչքերը մեծաբաց,ասաց.
-Իսկապե՞ս, ի՜նչ եք ասում, բայց…
-Զարմանալի ինչ կա: Այո, մեր թագավորին կսպասենք: Միայն թե նա ոչ թագ կկրե գլխին և ոչ ալ իշխանական մական` ձեռքին: Նա պարզապես սևազգեստ է, իսկ ձեռքին մի փոքրիկ փայտիկ…»:
Այս փոքրիկ հատվածը մեջ է բերված Առաքել Պատրիկի «Կոմիտասյան դրաման» փաստագրական վիպակից:
Առաքել Պատրիկը բանասեր էր, ազգրագրագետ ու պատմաբան, 1915 թվականին աքսորվել է Գոնիա և միայն հրաշքով փրկվել գնդակահարությունից:
Վիպակի կենտրոնում Կոմիտասն է:
Հեղինակը Կոմիտասին պատկերում է իբրև «երաժշտության հրաշակերտ տաճար», որ « ոճրագործ, ահավոր աշխարհում հանկարծ փուլ եկավ»:
Կարդանք որոշ հատվածներ գրքից.
▪ «-Բայց դու ճիշտ ժամանակին եկար, հայր Կոմիտաս, մենք հացի չափ կարիք ունենք քեզ նման մի առաքյալի, որ հուսաբեկ մեր ժողովրդին մի նոր խանդավառություն բերեր…
-Ախր ինչով, իմ գեղջուկ երգերո՞վ,-ժպտագին հարցրեց Կոմիտասը:
-Այո հենց այդ քո «գեղջուկ» կոչված երգերով, որովհետև այժմ պոլսահայությունը, իրարամերժ խմբերի բաժանված, կուսակցական սնոտի վեճերով է տարված, որովհետև փառամոլ ամբոխավարներն են իշխում հրապարակում, որոնք բեմերից ու մամուլի էջերից միմյանց դեմ ատելության թույնով են վարակում ոչ միայն պոլսահայությանը, այլ նաև գավառների մեջ ապրող դժբախտ հայությանը:
-Իսկ այդ պառակտված մտավորականության մեջ ես ո՞ր մեկի վրա կարող եմ հույս դնել:
-Ոչ մեկի, ոչ իսկ քո խավարամիտ պաշտոնակիցների, այլ միայն ու միայն հասարակ, դեռ չայլասերված ժողովրդի…»
▪ «Ավետարանի մեջ կա մի իմաստուն խրատ. «Աղավնու պես միամիտ եղեք, իսկ օձերի նման խորամանկ»:Հիմա ժամանակը չէ արվեստագետի անկեղծությամբ արտահայտվել, քանի որ օձերի մեջ ենք ապրում. Ներկա պարագային պետք է խորամանկ լինել:
-Այդ չեղավ, վարդապետ, անկեղծություն արվեստագետի առաջնակարգ առաքելությունն է, նրա հպարտություն:
-Այ Փանոս, Վանում ես ծնվել ու մնացել ես նույն վանեցին…Ես հո չեմ ասում, որ կեղծավոր լինենք, ինձ լավ հասկացիր, այլ` խորամանկ: Խորամանկությունը կեղծավորություն չէ: Ես կարո՞ղ եմ այդ ծայրահեղ ազգայնամոլներին ասել, որ ձեր ժողովրդական երաժշտությունը բաղդատական որևէ եզր չունի հայկականի հետ…»
▪ «-Հայր Կոմիտաս, եկեր եմ նախ ջերմորեն շնորհավորելու «Թուրք օջախին» մեջ ի պատիվ ձեզ կատարված ընդունելության համար: Դուք առաջին հայն եք, որ կարժանանաք այդ բացառիկ պատվին:
-Այո, ավելի ճիշտ` առաջին նահատակյալը…
-Բայց, հայր Կոմիտաս, այդ ինչպե՞ս-հարցրեց Սիրունին զարմանքից քարացած:
-Է՜հ, երանի՜ անգիտաց,-ասաց Կոմիտասը դառն ժպիտով նայելով երիտասարդ բանաստեղծին:- Դու գիտե՞ս, թե ինչ բան է «Թուրք օջախ» կոչվածը:
-Ոչ, ի՞նչ կա որ…
-Ես տեսա թուրքական դրոշի տակ մեծ տառերով գրված նրանց նշանաբանը` «Թուրքիան`թուրքերին»»:
▪«-Ասացեք խնդրեմ, որտե՞ղ եմ գտնվում ես. Մարդկանց մե՞ջ, թե գիշատիչ գազանների…Դուք, ազգայնամոլությամբ կուրացած, նույնիսկ համարձակվում եք ինձ առաջարկել ուրանալ իմ ազգությունը, իմ ժողովրդի հարազատ երաժշտությունը համարել ձերը…Դե իմացեք, որ թալանելով դուք երբեք պիտի չհարստանաք, այլ ավելի ու ավելի պիտի աղքատանք…
-Դե բավական է մեզ անարգես, լռի’ր, դո’ւրս իմ տից,-գոչեց Ատնան բեյը բարկությունից դողահար:
-Եթե ես լռեմ,քարերը պիտի աղաղակեն,դոկտոր: Դուք գիտեք նաև պճնազարդել ձեր հրեշավոր արարքները: Ահա, ձեր փափկասուն տիկինը, որ որպես գթասրտության տիպար ձեռնարկել է որբացած հայ աղջիկներ հավաքագրել, ջոկելով ամենագեղեցիկներին, փոխել նրանց անունները, թաքցնելով…
_Բավական է հեգնես, ապերա’խտ,-ճչաց Խալիդեն լացակումած ձայնով:
-Հեգնե՞լ,օ՜, բնավ երբեք: Դուք` Խալիդե հանըմ, մի ուրիշ «գթասրտություն» էլ եք կատարում:Ահա այս մատյանի նման հին ձեռագրերը, որոնք թալանվել են հայկական դարավոր վանքերից, հավաքում եք ձեր տանը, որպեսզի հետո թանկ գներով վաճառեք Եվրոպայի և Ամերիկայի թանգարաններին: Հանճարեղ գործիմացություն…»: