ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ակնկալում է, որ Հնդկաստանի՝ Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման շուրջ իրավիճակը և այդ գործարքի հնարավոր հետևանքները Վաշինգտոնի և Նյու Դելիի հարաբերությունների համար պարզ կդառնան առաջիկա ամիսներին: The Times of India-ին տված հարցազրույցում Բլինկենը չի խոսել ռուսական զենքի գնման արդյունքում հնարավոր սահմանափակումների սահմանման մասին:
«Մենք ունենք մեր օրենքները: Մենք կկիրառենք մեր օրենքները, սակայն Հնդկաստանին մտահոգություններ ենք հայտնել դրա վերաբերյալ։ Բայց ես չէի ցանկանա շտապել: Կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները առաջիկա ամիսներին», ասել է ԱՄՆ դիվանագիտական ծառայության ղեկավարը:
C-400 ձեռք բերելու մտադրության մասին Նյու Դելին հայտարարել էր 2015 թվականին: 5,43 միլիարդ դոլար արժողությամբ հինգ խմբաքանակ Ս-400 Տրիումֆ զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիրը ստորագրվել է 2018 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան կատարած այցի ժամանակ:










