Արայիկ Հարությունյանը պատերազմից հետո հազվադեպ է լինում Արցախում, հաճախակի հանդիպումներ է ունենում, սակայն այդ հանդիպումները գաղտնի են պահվում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նշելով, որ Արայիկ Հարությունյանը երբևէ իր հանդիպումները չի մեկնաբանում և չի հանրայնացնում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից հետո՝ հուլիսի 9-ին, Երեւանում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան հանդիպումը։
«Պետք է մեր անելիքները ճշգրտենք, նոր իրադրության մեջ փորձենք որոշակի ռազմավարություն որդեգրել և մեր նպատակներին հասնելու ուղիները մատնանշել»,-Արայիկ Հարությունյանին ասել է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այս օրերին սկսել է վերստին խոսել Զանգեզուր վերադառնալու իրենց մտադրության մասին՝ չթաքցնելով նաեւ Սեւանի ու Երեւանի նկատմամբ իր նկրտումները։
«Փաստինֆո»-ն Արցախի Ազգային Ժողովի պատգամավորից հետաքրքրվեց, թե արդյոք Արայիկ Հարությունյանն իրենց տեղեկացրել է, թե Փաշինյանն ինչ «անելիքների» ճշգրտման մասին է խոսել, ինչին ի պատասխան Մ.Հակոբյանը նկատեց, որ՝ Արայիկ Հարությունյանի հանդիպումները բացառիկ գաղտնիության շրջանակներում է արվում, այս հանդիպումն էլ ՀՀ իշխանությունների կողմից էր հանրայնացվել, հակառակ դեպքում, զրուցակցի համոզմամբ, էլի գաղտնի կմնար:
«Պատերազմից հետո չենք էլ փորձում որևէ ճշտումներ Արայիկ Հարությունյանից անել, որովհետև այս ողջ ընթացքում ինքը ցույց տվեց ու ապացուցեց, որ շատ հարցերից ինքն էլ տեղյակ չի, խոսում է այնքան, որքան իրեն թույլ է տալիս խոսել Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով, որ Արցախի նախագահի պահվածքն ու հայտարարությունները վկայում են, որ նա ընդհանրապես տեղյակ չէ գործընթացներից և բանակցություններից.
«Հունիսի 30-ին, երբ Արցախում ԱԺ հերթական նիստն էր, Արայիկ Հարությունյանը պատերազմից հետո առաջին անգամ ներկա էր նիստին, ես հարց ուղղեցի նրան, որ եթե սահմանազատմանն և սահմանագծման արդյունքում Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչեն տարածքային ամբողջականությունը, ի՞նչ է սպասվում Արցախին, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ այդ առումով իր տեղեկությունները մամուլից են, որն ինքը չի ուզում մեկնաբանել, եթե ի վնաս Արցախի որևէ որոշում կայացվի, ապա ինքը կդատապարտի, միայն այսքանից կարելի է եզրակացնել, թե որքանով է Արայիկ Հարությունյանը մասնակցում որևէ գործընթացի»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը պատերազմից հետո հազվադեպ է լինում Արցախում, ունենում է ինչ-որ հանդիպումներ, որոնցից խորհրդարանականներն անտեղյակ են։
«Արայիկ Հարությունյանն իրականում չի թաքցնում, որ կատարում է այն հրահանգները, ինչ ՀՀ իշխանությունները ուղղում են իրեն, ինքը և իր ողջ թիմը պարզապես լծված են ՀՀ իշխանությունների ծրագրերն իրականացնելուն»:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին շրջանում արդեն հաճախակի դարձած սպառնալիքներին՝ ուղղված Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականությանը, Մետաքսե Հակոբյանն ասաց.
«Պատերազմի 44 օրերն ապացուցեցին, որ ի տարբերություն, մեր 2 ապիկար ղեկավարների, որքան էլ մեզ համար ցավալի է, Ադրբեջանի նախագահը չստեց: Նախկինում էլ նրանք անընդհատ հոխորտում էին, բայց դրանք իրականացնելու ո՛չ միջոցներ ունեին, ոչ՛ հնարավորություն, ո՛չ էլ մեթոդներ: Իսկ այս իշխանությունների օրոք, ցավոք, դրանք հոխորտանքներ չեն: Մենք արդեն երեք տարի է փաստում ենք, որ ՀՀ իշխանությունները միայն ստում են, եթե անում են գործողություններ և հայտարարություններ, ապա՝ ի նպաստ Ադրբեջանի և Թուրքիայի, իսկ Ադրբեջանը խոսում է կոնկրետ իր գործողությունների մասին, որոնք էլ շատ արագ իրականացնում է, դրանք զուտ խոսքեր չեն»,-ասաց զրուցակիցը և հավելեց.
«Երբ մենք դեռևս 3 տարի առաջ նշում էին, որ գործարք է կատարել ՀՀ վարչապետը և վաղ, թե ուշ հանձնելու է Արցախը, այդ ժամանակ, շատերին թվում էր, թե մեր ասածը ֆանտաստիկա է, բայց ժամանակը ցույց տվեց, որ դա իրականություն է: Հիմա էլ մենք ասում ենք, որ հաջորդը Սյունիքն է, բայց շատերը մտածում են, որ դա չի կարող իրականություն դառնալ:Ցավոք սրտի 1915թ-ը կրկնվում է,այն ժամանակ էլ մեր մտավորականությունը, ժողովուրդը մտածում էր, որ չի կարող նման բան լինել, հիմա էլ նույն բանը կրկնվում է, մեր մտավորականությունը և ժողովուրդը ամենևին լուրջ և իրատեսական չի համարում այս ամենը»:
Հարցին՝ իր դիտարկմամբ ինչու՞ հայկական կողմը համարժեք արձագանք չի տալիս Ալիևի հայտարարություններին, զրուցակիցը պատասխանեց.
«Արձագանք չեն տալիս, որովհետև դա հենց իրենց ծրագիրն է, դրանք համատեղ ծրագրեր են: Նույնիսկ, եթե այդպես չի, ապա ինչպե՞ս կարող է մարդը, որին ցածրացնելով հաղթել են, կամ ով գործարքի է գնացել և վաճառել է մեր տղաների կյանքերը, հայրենիքի մի մեծ կտորը, հակառակվել մեկին, ում ինքը ենթարկվում է, սա պարտվածի, դավաճանի բնական, նորմալ կեցվածք»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:
Նրա դիտարկմամբ՝ վերջին երկու օրերին Նիկոլ Փաշինյանի խոսացածը նույնիսկ կոշտ է թվում.
«Չնայած՝ ինքը դեռ շարունակում է խոսել կոմունիկացիաների բացման, Սյունիքի միջանցքի մասին: Նիկոլ Փաշինյանը 1, մաքսիմում՝ 1.5 տարվա ընթացքում բոլոր այն ծրագրերը, որից այսօր Ալիևը խոսում է, ինքը իրականացնելու է մնալու դեպքում »,-ասաց Մետաքսե Հակոբյանը:
Աղբյուր` Փաստինֆո








