«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը պնդում է, որ իրենց արձանագրած խախտումները բավարար են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչվեն: Այս մասին ՍԴ հուլիսի 10-ի նիստում ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նշեց, որ ընտրություններն անցել են գերլարված մթնոլորտում՝ բոլոր կողմերից:
«Ինչպես ասում են՝ բարձր աղմուկը խլացնում է ճշմարտության ձայնը: Հատկապես կարևորում ենք երկու փաստարկ, առաջինը՝ բռնության կոչ և հոգեբանական հարկադրանք: Նախընտրական քարոզչության ժամանակ մեր կուսակցությունը զբաղված էր իր քարոզչությամբ և արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս օգտագործում է տարբեր արտահայտություններ, որոնք կարող էին ընկալվել որպես բռնության կոչեր: Մենք, տեսնելով, որ մթնոլորտը գնալով շիկանում է, փորձեցինք այս խնդիրը բերել իրավական դաշտ, դիմեցինք ԿԸՀ-ին, հանձնաժողովը քննության առնելով մեր դիմումը որոշեց մերժել այն»,- ասաց Զոհրաբյանը:
Նա նշեց, որ իրենք դիմել են Վարչական դատարան:
Ըստ նրա՝ Փաշինյանի հայտարարությունները, խոսքերը ազդեցություն են գործել հասարակության վրա, առաջին հերթին՝ հանրային ծառայողների վրա:
Զոհրաբյանը խոսեց նաև վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման մասին եւ ասաց, որ մինչև քարոզչությունը մեկնարկելը վարչապետի լիազորություններն իրականացնող Նիկոլ Փաշինյանը ծառայողական հանդիպումներ է ունեցել մարզերում, որը փաստացի քարոզչություն է եղել, և այդտեղ օգտագործել է վարչական ռեսուրսը:
«Այսինքն՝ նա գնացել է մարզերում հանդիպումների որպես վարչապետի պաշտոնակատար, բայց տեքստերից էլ ակնհայտ էր, որ նա սկսել է իրականացնել քարոզչություն: Եվ բնական է, որ այս առումով մեծ առավելություն է ձեռք բերել մյուս բոլոր կուսակցությունների նկատմամբ՝ առավել ևս նոր սկսող կուսակցությունների»,-ասաց Զոհրաբյանը:
News.am