Հինգշաբթի գիշերը Իրաքի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծման է ենթարկվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Arabiya հեռուստաալիքին:
Նշվում է, որ դեսպանատան տարածքի ուղղությամբ արձակվել է երկու հրթիռ: Հեռուստաալիքի համաձայն՝ հակաօդային պաշտպանությանը հաջողվել է խոցել դրանցից մեկը, ևս մեկ արկ ընկել է Բաղդադի «կանաչ գոտու» դիմաց, որտեղ գտնվում են ԱՄՆ դեսպանատունը և այլ դիվանագիտական առաքելություններ:
Չորեքշաբթի հրթիռակոծության էր ենթարկվել Իրաքի Այն Ասադ ռազմաբազան, որն օգտագործվում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի կողմից: «Ալ Սումարիա» հեռուստաալիքը, վկայակոչելով անվտանգության աղբյուրներ, հայտնել է, որ առնվազն յոթ հրթիռ է արձակվել Իրաքի Անբար նահանգում գտնվող Այն ալ Ասադի վրա։ Հրթիռներն ընկել են ինչպես բազայի տարածքում, այնպես էլ դրա շուրջը: