Պետական պարտքը սպասարկելը շատ լուրջ բեռ է դարձել բյուջեի համար, և պարտքի հետագա վերադարձելիությունը կառավարելի միջակայք կասկածի տակ է։ Այս դեպքում գնալու մի տեղ ունենք՝ անդունդ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
Նրա խոսքով այս պահի դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտքը կազմում է 3000 դոլար, իսկ ծնելիության 1.6 գործակցի դեպքում մոտ 50-60 տարի հետո բնակչությունը կկիսվի, ինչի դեպքում պարտքի այդ թիվը կկրկնապատկվի։
«Այս անկայուն վիճակում արտագաղթի տրամադրվածությունը սարսափելի աճել է և՛ բնակչության, և՛ բիզնեսի շրջանակներում։ Այս պարագայում բնակչության բնական նվազում է տեղի ունենում, որովհետև ծնելիության աճ չկա, երիտասարդությունը չի ամուսնանում, արտագաղթն էլ շատանում է։ Ստացվում է՝ բնակչության պարտքը 3000-ից 6000 դոլար կդառնա»,-նշեց Նաիրի Սարգսյանը։
Ներդրումների բացակայության պարագայում ստացվում է, որ ապագայում չենք կարողանալու լրացուցիչ պարտքեր ներգրավել և պարզապես կորցնելու ենք երկիրը։ Նաիրի Սարգսյանի խոսքով Հայաստանը կմնա որպես աշխարհագրական տարածք իր մի քանի բնակիչներով և կսպասեն, թե որ երկրի տիրապետության տակ են անցնելու։
«Սա է երկրի ճակատագիրը, եթե չլրջանան և խելքի չգան։ Այս անգամ ոչ թե կառավարությունը, այլ ժողովուրդը, որովհետև կարծում եմ՝ կառավարությունն էլ մեղք չունի։ Նրանց այդտեղ պահողներն են մեղավոր»,-նշեց Նաիրի Սարգսյանը։
Վերջինս հավելեց՝ այժմ նոր պարտքեր վերցնելը հակացուցված է։ Եթե ունենանք ադեկվատ կառավարություն, որը հստակ տեսլական, երկրի զարգացման ծրագիր կունենա, և կկարողանա հիմնավորել ակնկալվող արդյունքը, ապա կարճաժամկետ պարտքի ներգրավումը ցածր տոկոսադրույքով հնարավոր կլինի, եթե այն ուղղվի տնտեսության հետագա աճի պոտենցիալին։
«Եթե շարունակենք ընթացիկ ծախսերի սպասարկման համար պարտք վերցնել, դա ընդամենը մեկ բան է ասում, որ ամեն դեպքում գնում ենք դեպի անդունդ, պարզապես այդկերպ ժամկետն է կրճատվելու։ Այսինքն` եթե չգիտենք՝ քանի տարի հետո վերջնականապես կգլորվենք ու վերականգնման հույս էլ չենք ունենա»,-ասաց Նաիրի Սարգսյանը։
Անդրադառնալով տնտեսական աճի վերաբերյալ կառավարության ներկայացուցիչների հայտարարություններին՝ Նաիրի Սարգսյանը նշեց, որ տնտեսական աճ բնականաբար պետք է լիներ նախորդ տարվա համեմատ, սակայն այստեղ այլ հարց է, թե այդ աճն ինչպես է ազդել բնակիչների վրա։
«Այդ ինչպե՞ս եղավ, որ աճ լինում է, բայց միևնույն ժամանակ գործազրկությունն է ավելանում։ Այսինքն` սուտ են խոսում։ Աճի դեպքում պետք է ընդհանուր տնտեսությունն աճեր, հետևաբար լրացուցիչ աշխատակիցներ ներգրավվեին»,-ասաց Նաիրի Սարգսյանը։
Վերջինս նշեց, որ մեր երկրում գործազրկության պատճառներից մեկն էլ այն է, որ կրթությունը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին։ Նաիրի Սարգսյանի խոսքով շատ դեպքերում համալսարանները տալիս են կադրեր, որոնց համապատասխան պահանջարկը շուկայում կա, բայց նրանք ի վիճակի չեն իրենց ստացած կրթությունով այդ պաշտոնին հավակնել։ Մասնագետի կարծիքով գործազրկության աճի միտումները ևս կշարունակվեն ապագայում։
Աղբյուր` Փաստինֆո