«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և խորհրդարանական մյուս ընդդիմադիր կուսակցությունը զոհաբերեցինք մեր մանդատների ժամկետը՝ հանուն երկրի կայունության վերականգման: Այս մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընդլայնված նիստին ասաց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել: Փողոցները փակ էին, վրաններ էին դրված Դեմիրճյան և Բաղրամյան փողոցների վրա, Խորհրդարանի դռներն էին փակ, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ էին իրականացվում, հանգեցինք նաև ԳՇ ճգնաժամին, ինչից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու»,-նշեց ՙՄարուքյանը:
Մարուքյանի խոսքով՝ իրականացվել է ընդդիմադիր առաքելությունը, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ձևավորվի նոր ընդդիմադիր բևեռ, նոր ընդդիմադիր մոտեցումներով խորհրդարանական ուժ, սակայն դա չստացվեց, քանի որ իշխանությունն ամեն ինչ անում էր, որ իր ընդդիմությունը լիներ նախկին իշխանությունները, որովհետև շատ հեշտ է նախկին իշխանությունների հետ լինել իշխանություն-ընդդիմություն ձևաչափով:
«Ընտրություններից հետո տպավորություն է, որ այն ուժերը, որոնք պայքարում էին ընդդեմ իշխանության, պայքարը ոչ թե իշխանության դեմ էր, այլ՝ խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար: Ընտրություններից հետո խորհրդարանում քաղաքական մեծամասնություն է կազմել գործող իշխանության ուժը՝ 71 մանդատով, խորհրդարան են անցել երկրորդ նախագահի ուժը և «Պատիվ ունեմ» դաշինքը: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական ընդդիմությունը մեղադրվում է խորհրդարանում հայտնվելու համար փող բաժանելու մեջ: Հայաստանի պատմության մեջ միշտ իշխանություններն են փող բաժանել: »,- նշեց Մարուքյանը:
Աղբյուր` Փաստինֆո