Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱՄՆ․ «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացի ու բարեփոխումների համար և կոչ ենք անում գնալ այդ ուղով»

Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները ակնկալում են աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների և համագործակցության զարգացման ուղղությամբ:

«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հարգել օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական սկզբունքները և ակնկալում ենք աշխատել նոր կառավարության հետ` զարգացնելու մեր երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը», ասվում է Պետդեպարտամենտի գրավոր հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստանի հետ իր գործընկերության ամրապնդմանը` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում գրանցված առաջընթացի ու բարեփոխումների համար և կոչ ենք անում Հայաստանին գնալ այդ ուղով», ավելացրել է Փրայսը։