ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն օգտագործել է «լուրջ մտահոգություն» եզրույթն այս իրավիճակի և վարքագծի վերաբերյալ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մուրճ տալուն և դրանից հետո նրա արած հայտարարություններին։
Արամ Վարդևանյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում հնարավոր է իրենց կողմից իրավական գործընթացներ սկսվեն. «Այսօր տեսանք, որ դպրոցի տնօրենն ուղիղ, բառացի ասաց, որ այո՛, երեխաներին դպրոցից բերել են հանրային հավաքի և դրանում խնդիր չի տեսնում, սա աբսուրդի է հասնում։ Առնվազն ակնկալում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանը հրատապ արձագանքի այս դեպքին։ Թե՛ երեխաների շահագործման տեսանկյունից, թե՛ վարչական ռեսուրսի նման ծավալի օգտագործման մասով»,-նշեց Արամ Վարդևանյանը։
Հարցին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որ հունիսի 18-ի հավաքին բախումներ չլինեն, Արամ Վարդևանյանը հույս հայտնեց, որ դեռևս ուշ չէ, և այդ ուժը կարող է սթափվել ու զերծ մնալ սադրանքներից և իրենց հավաքն իրականացնեն հունիսի 17-ին.
«Այստեղ միտում տեսնում եմ, որովհետև հունիսի 17-ի համար ներկայացրել էին հանրային հավաքի իրազեկում, որը շատ նորմալ է։ Նրանք շատ լավ տեղյակ են, որ մենք ենք առաջինը դիմել հունիսի 18-ի համար, բայց մինչ օրս ամեն կերպ փորձում են ինչ-որ լարված իրավիճակ ձևավորել։ Ի վերջո բոլորն էլ մեր հայրենակիցներն են, ինչի՞ համար ստեղծել նման իրավիճակ»,-ասաց Արամ Վարդևանյանը։