Եվրախորհրդի (ԵԽ) կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ 2020թ․ հունվարի դրությամբ Թուրքիայի բնակչության 1 տոկոսը գտնվում է բանտերում կամ պայմանական ազատության մեջ։ Նշենք, որ Թուրքիայի բնակչության թիվը կազմում է շուրջ 85 միլիոն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Շվեյցարիայի Լոզանի համալսարանի՝ ԵԽ-ի համար կազմած զեկույցում արձանագրվել է, որ 2020թ․ հունվարի 31-ի դրությամբ Թուրքիայում յուրաքանչյուր 100․000 քաղաքացուց 984-ը անազատության մեջ է։ Այդ ցուցանիշով Թուրքիան եվրոպական երկրների շարքում բացարձակ առաջատար է։ Եվրոպայում այս ցուցանիշը երեք անգամ ավելի ցածր է․ յուրաքանչյուր 100․000 քաղաքացուց Եվրոպայում բանտում է գտնվում միջինում 265 անձ։
Զեկույցում արձանագրվել է նաև, որ 2019թ․ համեմատ 2020-ին Թուրքիայում 6.1 տոկոսով ավելացել է պայմանական ազատության մեջ գտնվող անձանց թիվը։ Այս ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում 2-րդ տեղն է զբաղեցնում՝ հաջորդելով Լեհաստանին։
News.am