Երկրում հաստատված է եղել կաստայական համակարգ, երբ գոյություն է ունեցել իշխող էլիտա. Դիլիջան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով․
«Այո, եթե պետք լինի՝ կանենք հեղափոխություն, կանենք էլի հեղափոխություն, կանենք էնքան հեղափոխություն՝ մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ:
Դուք տե՛ր չեք, դուք ծառա՛ եք. դուք այլևս ՀՀ-ում չեք լինելու տեր, Հայաստանում տեր է լինելու ժողովուրդը, քաղաքացին, և դուք բոլորդ պիտի խոնարհ ծառայեք նրանց»:
168.am-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Վահրամ ավագ քահանա Մելիքյանին խնդրեց անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին:
Ի պատասխան՝ նա նկատեց, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդի արտահայտած մտքերը հոգևոր աշխարհի սպասավորների վերաբերյալ խիստ տարակուսելի են և դատապարտելի:
«Ցավ ենք հայտնում վարչապետի պաշտոնակատարի ոչ խոհեմ և անպատշաճ հայտարարությունների համար, որոնք բացարձակ առնչություն չունեն մեր կյանքի իրողությունների հետ։ Մայր Աթոռը կոչ է անում զսպվածության և անդրադարձումի իր կողմից թույլ տրվող դատողությունների առնչությամբ։
Բոլոր ժամանակներում հայ եկեղեցականը եղել և մնում է իր հայրենիքի և իր ժողովրդի սպասավորը և պաշտպանը, կերտողը և պահապանը ազգային-հոգևոր արժեքների, իրագործողը ազգի իղձերի և ամոքողը նրա ցավերի։ Հեռու չենք գնա՝ հայրենական կյանքի վերջին ցավալի իրողությունները փաստել են, թե ով ո՛վ է և ով ինչի՛ է ընդունակ։ Մնացյալը, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, ով ականջ ունի՝ կլսի, ով աչք ունի՝ կտեսնի»,- հավելեց Տ․ Վահրամ ավագ քահանա Մելիքյանը: