Հունիսի 4-ի առավոտյան Քարվաճառի շրջանում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ «Կամազ» տեսակի ավտոմեքենան։ Մահացածների թիվը 4-ն է, որոնց թվում երկուսը՝ պետական լրատվամիջոցների աշխատակիցներ։ Կան նաև վիրավորներ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ մահացածներից են պետական AzTV հեռուստաընկերության օպերատոր, 1989թ. ծնված Սիրաջ Աբիշովը (Sirac Abışov) և պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության թղթակից Մահարամ Իբրահիմովը (Məhərrəm İbrahimov)։ Հեռուստաընկերության ռեժիսորը, մեքենայի վարորդը (որը հավանաբար զինծառայող է) և մեկ քաղաքացիական անձ էլ վիրավորվել են։
Ադրբեջանական կողմը դեպքի վայրից նաև տեսանյութ է ներկայացրել, որտեղ երևում է արդեն պայթած մեքենան։ Դրանում հավանաբար եղել են նաև զինծառայողներ, որոնց մասին առայժմ տվյալներ չկան։
Նշենք, որ նոյեմբերի 10-ից հետո Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանցիների տեղաշարժերի ընթացքում գրանցվել են ականի պայթյունների մի շարք դեպքեր, որի արդյունքում, հունիսի 4-ի տվյալներով, մահացել է 120-ից ավել ադրբեջանցի։