Աղբյուր՝ altprojects.am
Աբովյանի սահմռկեցուցիչ կադրերը փոխում են քարոզարշավի տրամաբանությունը։ Մենք պետք է հասկանանք, որ իրականում այսօր պարկերի մեջ հատակին նետված է հայ ժողովուրդը և մեր պետությունը։
Նոր Հայաստանի փոխարեն կառուցվեց Նոր Եռաբլուր՝ ամբողջական սերնդի, երկրի հեռանկարի քաղաքը։ Եռաբլուրի քվեն գալիք ընտրություններում վճռորոշ է լինելու։ Ցանկացած կենսունակ երկրում, համենայն դեպս, այդպես կլիներ։
«Եռաբլուրի ձայն» հասկացությունն ամենևին հուզական եզրույթ չէ։ Չմտածեք, թե փորձում եմ շահարկել զոհերին ու նրանց հարազատների զգացմունքները։ Եռաբլուրի ձայնն այսօր շատ կոնկրետ հարցադրումների հանրագումար է.
1. Մենք որպես ժողովուրդ ունե՞նք կորստի զգացում։
2. Մենք այդքան հե՞շտ ենք հանդուրժում, որ մեր երկիր պատերազմ բերեն։
3. Մենք այդքան հե՞շտ կարող ենք զոհել մի ամբողջական սերունդ։
4. Մենք ունե՞նք արժանապատվություն։
5. Մենք հասկանու՞մ ենք՝ ինչ կատարվեց, և հասկանո՞ւմ ենք, թե ինչ է սպասվում։
Այս իշխանությունը երկու խոշոր նոր բնակավայր ձևավորեց՝ Եռաբլուրը՝ Երևանում, Եղբայրական գերեզմանոցը՝ Ստեփանակերտում։ Այդ բնակավայրերի ձայնը չի կարող չլսվել, չի կարող լռեցվել։ Եռաբլուրը մի ամբողջական պետություն է՝ այնտեղի տղերքով, նրանց ընտանիքներով, ընկերներով, ընկերուհիներով։ Այնտեղի մթնոլորտով, հույզերով, փոխօգնության և հարգանքի լուռ մթնոլորտով։
Ամենազարհուրելին այն է, որ Փաշինյանը չի գիտակցում, թե ինչ է արել. չի հասկանում իր բերած պատմական աղետի էությունը։ Նա ասում է ամեն անհեթեթություն, խոսում ինչ-որ թղթերից, քննարկված-չստորագրված բանակցային դետալներից ու ամեն անգամ ապշում ես, թե սա ի՜նչ աստիճանի չի հասկանում, թե ինչ է կատարվել։