Աշխարհահռչակ երգչուհի-դերասանուհի Շերի (Շերիլին Սարգսյան Լապիեր) կես հայ լինելը գիտեն անգամ բազմաթիվ ոչ հայեր: Իր գործունեության սկզբում հայրական կողմից իր ծագման հանդեպ գրեթե անտարբեր Շերը տարեցտարի սկսեց ավելի ու ավելի շեշտել իր հայությունը, հատկապես 1993-ին պատերազմող Հայաստան կատարած այցից հետո, որն իրականություն դարձավ բարերար Քըրք Քըրքորյանի գաղափարով, Լուիզ Սիմոն Մանուկյանի առաջնորդությամբ եւ ամերիկահայ հանրային գործիչ Հարութ Սասունյանի ջանքերով: Շերը Հայաստան տարավ մեծ քանակի մարդասիրական օգնություն եւ աշխարհից կտրված մեր երկրի վրա բեւեռեց համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը: Իր այցելությանը Շերը հետագայում մի ամբողջ գլուխ նվիրեց 1998-ին հրատարակած իր «Առաջին անգամ» ինքնակենսագրական հատորում (այդ գլուխը թարգմանաբար ներկայացրել ենք մերՙ «Հայերը համաշխարհային կինոյում» գրքում, 2004):
2017-ին Շերն աջակցել է «Խոստումը» եղեռնապատում ֆիլմին, առաջնախաղի ժամանակ ասել է. «Մարդիկ չգիտեն Ցեղասպանության մասին, իսկ թուրքերը երբեք չեն ընդունում դա: Հիտլերն ասել է, որ եթե իրենք չեն հիշում հայերին, երբեք չեն հիշի հրեաներին: Բայց ակնհայտորեն նա սխալվում էր: Իմ պապերը փրկվել են եւ իմ ընկերոջ տատիկը փրկվել է, բայց շատերը չեն փրկվել: Ես կես հայ եմ, բայց երբ մեկնեցի Հայաստան, այնքան տարօրինակ էր, քանի որ ես տեսա մարդիկ, որոնք ճիշտ նման էին ինձ»:
Շերի ձայնը հատկապես լսելի եղավ անցյալ տարի, երբ պատերազմի օրերին նա հռչակավորներին կոչ արեց տարածել ճշմարտությունն Արցախում տեղի ունեցող հակամարտությունների մասին եւ իր տեսաուղերձում ամերիկացիներին կոչ արեց կոնկրետ քայլեր ձեռնարկելՙ Հայաստանի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան զսպելու առնչությամբ: «Կորոնավիրուսային համաճարակի եւ ԱՄՆ-ի ընտրությունների հետ մեկտեղ աշխարհում տեղի են ունենում հայերի էթնիկական զտումներ: Ադրբեջանն ու Թուրքիան հայերին ստիպում են լքել իրենց տները, իրենց հայրենի հողը Արցախում: Հիմա զայրույթի ժամանակը չէ, գործելու ժամանակն է: Մենք աչք ենք փակում: Նրանք նավթ ունեն»,- գրել է Շերը: Նա կոչ արեց ամերիկացիներին նախ զանգահարել իրենց սենատորներին եւ նրանցից պահանջել դադարեցնել ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին եւ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ: «Ինչո՞ւ հարկատուները պետք է վճարեն այդ ավտորիտար երկրներին օգնության եւ զենքի գնումների համար»: Շերն իր բաժանորդներին հորդորել է կապվել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետՙ պարզելու, թե ինչպես դա սենատորներից պահանջել, նաեւ նշել է, որ Հայաստանում եւ Արցախում մարդիկ ֆինանսական օգնության կարիք ունենՙ խնդրելով նվիրատվություններ կատարել Համահայկական հիմնադրամին: «Հայաստանը փոքր երկիր է, առանց բնական ռեսուրսների, որ կարելի է գողանալ: Թուրքիան ցանկանում է ոչնչացնել այն… նա արդեն երկու միլիոն հայ է սպանել: Հիմա Ադրբեջանն է փորձում ոչնչացնել այս երկիրը: Նրանք ունեն սեւ ոսկիՙ մարդկանց սպանելու կամ դիտելու, թե ինչպես են ուրիշներն անելու այդ: Ռուսաստանը նույնպես ցանկանում է այս հողը: Աստված օրհնի՜ քեզ, հայրակա՛ն իմ տուն…»: Մեկ այլ գրառման մեջ էլ ասել է. «Ձեզ դժոխք է սպասվում, ադրբեջանցի՛ մարդասպաններ: Չե՞ք հոգնել հայերին սպանելուց, մեր հողերը խլելուց, մեր երեխաներին որբ թողնելուց: Դուք նավթ ունեք, Թրամփ ու Էրդողան: Թրամփը թույլ տվեց ոչնչացնել մեր դաշնակիցներինՙ քրդերին: Քանի որ նա ու Էրդողանը սիրտ չունեն…»:
Այս տարի Շերը Թվիթերում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու արշավ սկսեցՙ իր միլոինավոր հետեւորդներին իրազեկ դարձնելով խնդրի վերաբերյալ: «Ես զայրույթ կամ մեղադրանք չունեմ Թուրքիայի ժողովրդի հանդեպՙ հարյուր տարի առաջ կատարվածի համար: Բայց կարծում եմ, որ կառավարությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը»,- գրել է նա Թվիթերում եւ հիշել իր հայ տատիկի պատմածը, թե ինչպես են թուրքերը եկել գյուղ, գնդակահարել տղամարդկանց եւ տղաներին ու բռնաբարել կանանց ու աղջիկներին…
Իսկ անցած ապրիլին ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առթիվ Շերը գրել է, «Տասնամյակների պայքարից հետո ԱՄՆ կառավարությունը վերջապես հաստատեց, որ ինքը պատմական ճշմարտության կողմում էՙ շնորհիվ նախագահ Բայդենի: Բացի մարդկության դեմ կատարված հանցագործության ցավոտ հիշեցում լինելուց, աշխարհում մարդիկ կկարողանան վերջապես իմանալ, որ իրենց նախնիների հիշողությունները չեն մոռացվի ԱՄՆ-ի այս պաշտոնական ճանաչման շնորհիվ»:
Հիշենք, որ ամուսնալուծված ծնողների զավակ Շերն իր հորը հանդիպել է միայն 11 տարեկանում, երբ մի անգամ մայրը հարցրել է. «Կցանկանայի՞ր հանդիպել հորդ»: Շերիլինը պատասխանել էՙ «հաստատ», բայց նաեւ ասել է, որ դրա «բուռն ցանկությունը» չունի: Աղջիկը հանդիպել է ու ճաշել հոր հետ, հետագայում այդ առաջին հանդիպման մասին գրելով հետեւյալը. «Հայրս հայ էր: Նա մայրիկից մոտ երկու դյույմ բարձր էր եւ ամրակազմ: Նա ուժեղ էր թվում: Ուներ գանգուր սեւ մազեր եւ մուգ, պրպտող աչքեր, ինչպես իմն են ու մեծ, թավ հոնքեր: Նա շատ նման էր ինձ, եւ ես մտածեցի. «Հիմա հասկացա, թե որտեղի՛ց եմ գալիս»: Մի բան խանգարեց ինձ լիովին ընկալել նրան: Ես իսկապես ուզում էի հավանել նրան, բայց նա օտար էր: Նա պարզապես մի մարդ էր, որը մեր տուն մտավ իմ ժպիտով»… Այսպիսով, չնայած Շերը մտերիմ չի եղել հոր հետ, սակայն կարողացել է ընդունել իր ազգային արմատները եւ արդեն 1980-ականներին հրապարակայնորեն խոստովանել, որ հպարտ է իր որոշ չափով հայ ծագումով:
Վերջին տարիներին ամերիկյան ծննդաբանական կայքէջերը հրապարակում են երկրի քաղաքացիների տոհմածառերը, որոնց վրա հիմնվելովՙ մենք կարող ենք տալ նաեւ հայազգի հռչակավոր երչուհու եւ կինոաստղի հայկական տոհմագրությունը:
Շերի հայրական պապի անունը եղել է Կիրակոս (Ջորջ) Սարգսյան, նա ծնվել է 1893-ին, Հայաստանում եւ մահացել 1972-ին, Ֆրեզնոյում:
Շերի հայրական տատն էր Սիրանուշ (Բլանշ) Դիլքյանը, որը ծնվել է 1898-ին, Թուրքիայում, Հակոբ եւ Լուսաբեր Դիլքյանների ընտանիքում եւ մահացել 1969-ին, Օրինջ Քաունթիում (Կալիֆոռնիա): Ունեցել է երկու եղբայրՙ Ալբերտ Համբարձում Հակոբ Դիլքյան (1904-1997) եւ Հարություն (Հարի) Դիլքյան (1909-1975):
Կիրակոսը եւ Սիրանուշն ամուսնացել են Ֆրեզնոյում, 1913 կամ 1914 թվականին, ունեցել են հինգ զավակ: Առաջնեկն էր Լուիզ Սարգսյանը (1914-2006), որին հետեւել են Ն. Սարգսյանը (1917-1942), Վարդան Սարգսյանը (1918-1943), Էլիզաբեթ Քուինի Սարգսյանը (1919-2007) եւ ամենակրտսերըՙ Շերի հայր Կարապետ (Ջոն Փոլ) Սարգսյանը (1926-1985), ծնված Ալամեդայում (Կալիֆոռնիա): Ն. եւ Վարդան Սարգսյանները զոհվել են Երկրորդ աշխարհամարտի ճակատներից մեկում:
Նկատենք, որ Շերի հոր անունն անգլիալեզու աղբյուրներում նշվում է արեւելահայերեն տառադարձությամբ (Karapet, ո՛չ Garabed), ինչը ենթադրել է տալիս, որ նա եղել է արեւելահայ ծագմամբ: Սակայն մյուս նախնիների անունները տրված են արեւմտահայ տառադարձմամբ, որից կարելի է ենթադրել, որ Շերի արեւելահայ պապը (որի ծննդավայր նշվում է Հայաստանը) ամուսնացել է արեւմտահայուհու հետ (որի ծննդավայր նշվում է Թուրքիան): Այս առթիվ հիշենք նաեւ, որ երբ 2004-ին Շերը ելույթներ է ունեցել Մոսկվայում, մի հայ փողոցում մոտեցել է նրան եւ ասել, որ իրենք ազգականներ ենՙ տալով Շերի պապի անունը: Իսկապե՞ս ազգական է եղել այդ հայը, թե՞ սոսկ գերաստղի հետ կապ հաստատելու խորամանկ քայլ է արելՙ դժվար է ասել…
Ինչպես նշվեց, Շերը հիշել է, որ իր հայ նախնիները փրկվել են Եղեռնից եւ որ իր տատիկն ականատես է եղել կոտորածներին: Ենթադրում ենք, որ խոսքը վերաբերում է 1909 թվականի Ադանայի կոտորածին, ո՛չ ավելի վաղՙ համիդյան կոտորածներին, որը հիշել չէր կարող 1898-ին ծնված տատիկը, ոչ իսկ 1915-ին, քանի որ 1914-ին Շերի տատն ու պապն արդեն ԱՄՆ-ում են եղել:
Հոր հետ հարաբերություններ հաստատելուց հետո Շերիլին Սարգսյանը հաճախ այցելել է Ֆրեզնոյում ապրող տատիկ-պապիկին: Այդ ժամանակ դեռեւս ողջ է եղել տատի մայրըՙ Լուսաբերը, որը երբեք չի սովորել անգլերեն խոսել: Սիրանուշ տատիկը սովորել է խոսակցական անգլերեն, սակայն միշտ շփոթել է իգական եւ արական սեռերը: Նա դեռատի Շերիլինին սովորեցրել է պատրաստել սարմա, քյուֆթա եւ այլ հայկական ուտեստներ: «Ես իրոք վայելում ու սիրում էի ուտելիքը,- հետագայում ասել է Շերը:- Հայկական ուտելիքը գերազա՛նց է»: Լուսաբեր նախատատիկն ապրել է 100 տարուց ավելի: «Հորս կողմից իմ հայ ազգականները գեղեցիկ են, իսկ մորս կողմի կանայք գեղեցիկ են, ուժեղ եւ դիմացկուն: Այնպես որ երկու կողմից էլ ես հիանալի գեներ ունեմ»,- հպարտացել է Շերը:
1993-ի հայաստանյան այցից հետո Շերը պատահական կապեր է ունեցել հայերի հետ: Ատոմ Էգոյանը պատմում է, որ երբ ինքը մասնակցել է 1999 թվականի «Օսքարի» մրցանակաբաշխությանը, մոտեցել է Շերին, ներկայացել, վերջինս անմիջապես հայերեն ասել է. «Ինչպե՞ս ես»: 2004-ին նա ելույթներ է ունեցել Մոսկվայում, իջեւանել «Արարատ Հայաթ» հյուրանոցում, եւ իր համերգին եկած հայերիՙ «Դու հա՞յ ես» հարցին հայերեն պատասխանել է. «Ե՛ս հա՛յ»: Ի դեպ, նրա ամենասիրելի զարդերից է երեւանցի արվեստագետ Արման Դավթյանի (Նուռ) պատրաստած վզնոցըՙ կազմված 1700 մանրիկ քարերիցՙ նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման տարեդարձին:
Մի առիթով հանդիպելով Քիմ եւ Քորթնի Քարդաշյաններինՙ Շերը ցանկություն է հայտնել նրանց հետ կրկին այցելել նախնիների երկիր…
Մաղթենք, որ իր հայությունը վերագտած մեր մեծանուն հայրենակցուհու այդ ցանկությունը կատարվի մոտ ապագայում ու այս անգամ նա Հայաստան գա միմիայն լավ առիթով…
Նկար 1. Կարապետ Սարգսյան
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ