Ռազմական փորձագետ, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը գրում է.«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ՝ մայիսի 29-ին ստորագրեց կարգադրություն՝ կարգավորելու համար մի քանի հարցեր, որոնք կապված էին «Գաշգաչայ», «Էլբեյդաշ», և «Աղդուզդաղ» հանքավայրերում ուսումնասիրություն, հետազոտություն, հետախուզություն, մշակում և շահագործում իրականացնելու հետ։ Համաձայն այդ կարգադրության, «Գաշգաչայ» հանքավայրում ուսումնասիրություն, հետազոտություն, հետախուզություն, մշակում և շահագործում իրականացնելը, համաձայն 30 տարի ժամկետով կնքված պայմանագրի՝ փոխանցվում է «Eti Bakır A.Ş.» ընկերությանը, իսկ «Էլբեյդաշ», և «Աղդուզդաղ» հանքավայրերում ուսումնասիրություն, հետազոտություն, հետախուզություն, մշակում և շահագործում իրականացնելը՝ «Artvin Maden A.Ş.» ընկերությանը։ Մետաղի արդյունահանման ու արտադրության մեջ մասնագիտացած Eti Bakır A.Ş.» ընկերությունը մտնում է «Cengiz» հոլդինգի կազմի մեջ։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Ստամբուլում։ «Cengiz» հոլդինգը հայտնի է Ստամբուլում օդանավակայան, իսկ Ադրբեջանում՝ Շամխորչայ գետի վրա ջրամբար կառուցելով։ Հոլդինգի սեփականատերն ու կառավարիչը հայտնի բիզնեսմեն Մեհմետ Չենգիզն է։ Նա 2004 թվականին սեփականաշնորհեց Eti Bakır A.Ş.» ընկերությունը և այն ներառեց իր հոլդինգի կազմում։ «Artvin Maden A.Ş.» ընկերությունը պատկանում է երկու գործընկերոջ՝ բիզնեսմեն Օմեր Ֆարուկին և «Zirve» հոլդինգին։ Բաց աղբյուրներից հայտնի է միայն «Աղդուզդաղ» հանքավայրի տեղանքը։ Այն գտնվում է Քարվաճառի շրջանի հարավ-արևելքում։ Տեղում առանձնացվել են 100 ոսկեբեր կվարցային, կվարցային կարբոնատային հանքաերակներ, որոնցից 5-ն արդեն որոշված է որպես արդյունաբերական նշանակության։ Նրանցում ոսկու միջին բաղադրությունը կազմում է տոննայում 6,72 գրամ։ Մյուս երկու՝ «Գաշգաչայ» և «Էլբեյդաշ» հանքավայրերի գտնվելու հստակ վայրը բաց աղբյուրներից պարզել չհաջողվեց։ Այս կարգադրությամբ, ամենայն հավանականությամբ, Իլհամ Ալիևը փորձում է վարձահատույց լինել Թուրքիային՝ 2020 թ.-ի պատերազմի ժամանակ ցուցաբերած ռազմական աջակցության համար։