Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ
Անցյալ շաբաթ իշխանական «Իմ քայլի» իջեւանցի պատգամավոր Վահե Ղալումյանիՙ «Տավուշի մարզում կան ադրբեջանական հողեր, որ գտնվում են մեր վերահսկողության տակ» ձեւակերպումը վերջնականապես քանդեց «ապագա կա ապագա» անվտանգության մասին իշխանությունների պատկերացումների եւ մերՙ անիշխանություններիս ողբերգական իրականության զուգահեռը: «Ապագա կա ապագա»-ն բառերի կույտ է, եւ տրամաբանող մարդու համար չկա մի կետադրություն, որ հնարավոր կդարձնի դրա հուսադրող իմպերատիվը հանդուրժել…եթե ուզում ենք ապագա, ապա նախադասությունը պիտի շարունակել «բայց»-ով, «միայն»-ով, հենց հիմաՙ հատու գործողությամբ: Մինչ մեր թերթը տպարան կգնա, ինձ համար ծանր այսօրը ընթերցողի համար կդառնա երեկ, իսկ բոլորիս համար ողբերգության շեղբին մոտեցող վաղը, այդ պատգամավորը նոր ձեւակերպում կանիՙ նրան կհուշեն ընտրությունների շեմին մի քիչ սրբագրել այն արտահայտությունները, որ մեր ապագան չեկածՙ արդեն ներկա են, որի պատճառով մի քանի ընտրաքվե պակաս են ստանալու:
Կիսագրագետների նշդարը դեռ չի կրտել մեր Հայաստան մարմնի սիրտն ու ուղեղը, այս եւ հետագա մեր հրապարակումներում կներկայացնենք գիտական հատվածի արձագանքը «հայկական վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ» ձեւակերպման, Հայաստան- Ադրբեջան սահմաններին առնչվող խնդիրներին: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը 2015- ին հրատարակել է Համո Սուքիասյանի եւ Կարեն Խաչատրյանի «Հայ-ադրբեջանական տարածքային-սահմանային խնդիրները Անդրկովկասյան Դաշնության օրոք» (1922-1936 թթ.), «Հայոց պատմության հարցեր (գիտական հոդվածների ժողովածու)», N 16, էջ 222-266) աշխատությունը, ինչպես նաեւՙ Համո Սուքիասյանի, Կարեն Խաչատրյանի, Գեղամ Բադալյանի «Խորհրդային Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի տարածքային կորուստները 1920-1930-ական թվականներին» 160 էջանոց գիրքը, որ շուտով լույս կտեսնի անգլերենով նաեւ:
«Բավական օգտակար են» վերոհիշյալ հրատարակությունները գնահատեց պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հավելելով, թե մի տասն օրից լույս կտեսնի Ազգային արխիվի նախկին աշխատակից Ռոժենտ Գրիգորյանի «Հայկական տարածքների նոր կորուստՙ «պրոլետարական ինտերնացիոնալիզմի ու ժողովուրդների բարեկամության դրոշի» ներքո» գրքույկը, որի նյութը տպագրվել է 1994 թվականին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Պատմության ինստիտուտի ղեկավար Աշոտ Մելքոնյանի հետ մեր զրույցըՙ ստորեւ:
– 1920-30 ական թվականներին, երբ Խորհրդային Հայաստանը գտնվում էր Անդրդաշնության մեջ, 1922 թվականի մարտի 12-ից մինչեւ 1936 թվականի դեկտեմբերի 5-ը, տեղի ունեցան սահմանային բազմաթիվ վերաձեւումներ: Անդրդաշնությունը 3 նախկին հանրապետություններից բաղկացած մեկ դաշնային հանրապետություն էր, որտեղ եղանակ էին ստեղծում ադրբեջանցիները եւ վրացիները, իսկ Հայաստանը, լինելով ավելի փոքր եւ թույլ, բնականաբար չէր կարողանում դիմադրել ադրբեջանավրացական տանդեմին եւ սահմանային վերաձեւումների հարցում միշտ ունենում էր տարածքային կորուստներ: Օրինակ 1920-ականների կեսերից վերաձեւումներ եղան, որի պատճառով կորցրինք Կապանի շրջանի 2,5 տասնյակի չափ գյուղերՙ ողջ արեւելյան հատվածը հայտնվեց հարեւան հանրապետության կազմում: Հիմա դրանք Կապանի շրջանի մաս չեն կազմում: Վերաձեւումների արդյունքում մինչեւ 1930 թվականը կորցրինք նաեւ Վարդենիսի շրջանի Լճերի տարածքը, որ ելուստի նման խրված է Խորհրդային Հայաստանի, հիմա էլՙ ՀՀ-ի տարածքի մեջ: Խնդիրը, թե քոչվորները չունեն համապատասխան տարածքներ, արոտատեղիներ իրենց անասունների համար, դրվում էր Կենտգործկոմի նիստին, եւ հակառակ Հայաստանի բողոքներին (մեր ազգային արխիվում կան բազմաթիվ փաստաթղթեր, որտեղ գյուղացիներից սկսած մինչեւ իշխանության ավելի բարձր մարմիններ բողոք են ներկայացրել վերաձեւումների վերաբերյալ), խնդիրը լուծվել է հօգուտ Ադրբեջանի:
Անկլավային այս գյուղերի խնդրին անդրադառնալով պարզաբանենք, որ սկզբում դրանք ճանապարհներով միացած էին հանրապետություններին, հետո ճանապարհներն էլ վերացվեցին, ու դրանք մնացին անկլավների մեջ, կղզյակներում, ինչպես Արծվաշենն է: Սկզբնական շրջանում նա ուներ ընդհանուր ճանապարհ Խորհրդային Հայաստանի հետ, բայց հետո այդ ընդհանուր ճանապարհը վերացվեց, տրվեց Ադրբեջանին, եւ Արծվաշենը դարձավ կղզյակՙ ադրբեջանական շրջանի մեջ, նույնը եղավ հակառակ հատվածումՙ Արարատի շրջանի Տիգրանամուտ (Քյարքի) գյուղի հետ, նույնըՙ Տավուշի շրջանի Բարխուդարլուի, Ասքիպարի եւ մի քանի այլ գյուղերի հետ: Արցախյան պատերազմի սկզբնական շրջանում այդ գյուղերը հայտնվեցին Հայաստանի վերահսկողության ներքո եւ հայկական գյուղերից էլ Արծվաշենը, որ բավական մեծ էր, հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության ներքո 1992 թվականի օգոստոսի սկզբին: Կողմերի միջեւ կարծես բանավոր համաձայնություն էր ձեռք բերվել այդ անկլավներից երկուստեք հրաժարվելու մասին, քանի որ այդտեղ սահման պահելը գործնականում անհնարին էր: Ադրբեջանը օգտվելով իրավիճակից, նորից օրակարգ բերեց դա, եւ 2020- ի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության նախնական տարբերակում կար նաեւ Տավուշի շրջանի գյուղերն իրենց փոխանցելու կետը:
– Բայց դա հանվեց, այդպես չէ՞:
– Այո, վերջին պահին հանվեց, երեւի հայկական կողմը դիմադրել էր կամՙ ռուսական կողմն էր միջնորդել, դժվարանում եմ ասել, բայց փաստը մնում է փաստ, որ ադրբեջանական կողմը դեռ այն ժամանակ էր փորձում այդ գյուղերին տեր դառնալ, բայց խոշոր պատառը ստանալու պարագայում համարեց, որ այն առժամանակ կարելի է զիջել, հետո անդրադառնալ:
Երբ հայկական կողմից պաշտոնյաները հայտարարում են այն մասին, որ քարտեզներով ադրբեջանական տարածքներ` անկլավներ կան Հայաստանի վերահսկողության ներքո, դրանով հուշում են, որ ստորագրելիք հեթական խայտառակ փաստաթուղթը իր մեջ պարունակում է հերթական զիջումն ադրբեջանական կողմին, որ անթույլատրելի է: Եւ ընդ որում զարմանալին այն է, որ մի կողմից խոսվում է Տավուշի գյուղերի եւ Արարատի մարզիՙ պայմանականորեն վերադրաձվելիք գյուղերի մասին, չի խոսվում Արծվաշենի մասին: Նշանակում է իրենք ոչինչ չունեն մեզ տալու, միայն մենք ենք վերադարձնելու: Այս տեսանկյունից էլ մեր մոտեցումը պարտվողական է եւ անընդունելի:
– Բայց Փաշինյանը ակնարկեց, թե մենք էլ Արծվաշեն ունենք, որի տարածքը մեծ է:
– 6-7 փոքր գյուղերըՙ գյուղակներով հանդերձ, եթե փոխանակությամբ այդ գյուղերը հանձնենք, Արծվաշենը ստանանք, տուժելու ենք միանշանակ: Արծվաշենը մեր սուրբ տարածքներից մեկն է, բայց այդ գյուղը ստանալով, ռազմավարական ճանապարհների իմաստով այն նույն շահեկան վիճակում չենք հայտնվի, ինչ Ադրբեջանը: Որովհետեւ Տիգրանամուտի դեպքում Ադրբեջանը ամբողջապես վերահսկողության տակ է վերցնում դեպի Վայք, Սյունիք, Արցախ գնացող ռազմավարական ճանապարհը, իսկ մյուս կողմից էլՙ Իջեւանի շրջանից կամ Տավուշի մարզից դեպի Լոռի եւ Վրաստան տանող ճանապարհը Ասքիբար գյուղի, Բաղանիսի հատվածում թշնամուն հանձնելու պարագայում, Ադրբեջանը դա էլ կվերահսկի: Այսինքն ռազմավարական նշանակություն ունեցող երկու ճանապարհներ եւ տարածքային առումով ավելի մեծ տարածքներ հայտնվում են թշնամու ձեռքում, ինչն անթույլատրելի է: Եթե մենք ունենք իշխանություն, կամք, պետականություն, պիտի միանշանակ ընդդիմանանք սրան: Այս ամբողջն արվում է այն նպատակով, որ մենք գնանք դելիմիտացիայի, դեմարկացիայի, որով փաստորեն մենք դե յուրե կարձանագրենք Ադրբեջան- Հայաստան պետական սահմանը, դեպի արեւելք ընկած տարածքը մեխանիկորեն կճանաչենք որպես Ադրբեջանի տարածք: Խոսքը Արցախի Հանրապետության մասին է: Այս ամբողջը մտածվածՙ ամիսներ, տարիներ շարունակ ծրագրված նախագիծ է, որ այսօր Ադրբեջանը կյանքի է կոչում, որին մենք, ցավոք սրտի, չենք հակազդում:
– Պարոն Մելքոնյան, սովորաբար ակադեմիանՙ նրա մեջ մտնող ինստիտուտները խորհրդատվական ծառայություն են մատուցում կառավարությանը: Այս դեպքում տվյալ խնդրի առիթով վերջինս դիմե՞լ է ԳԱԱ պատմության ինստիտուտին:
– Պետական մակարդակով դա տեղի չի ունենում, այլՙ անհատական կարգով: ժամանակին նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, պաշտպանության նախարարության գլխավոր շտաբը դիմեց մեզ քարտեզների հարցով, բավականաչափ օգտակար եղանք, հաճախ զինվորականների հետ հանդիպում էինք: Հանդիպումներ ունեցանք նաեւ արտգործնախարարության համապատասխան բաժնի հետ, որ պրոֆեսոր Արսեն Ավագյանն է գլխավորում: Նրանց հետ էլ քարտեզներ փոխանակեցինք: Ընդհանուր նիստեր գումարեցինքՙ դելիմիտացիայի հետ կապված: Դելիմիտացիան կարեւոր է, քանի որ պարզում է, թե ինչ փաստաթղթեր են պետք, հետո երբ կողմերը համաձայնության գան փաստաթղթերի շուրջ, դեմարկացիան կհետեւի դելիմիտացիային: Այդպիսի շփում եղել է, բայց որ պաշտոնապես գրավոր մեզ դիմեն, որ իրենց օգնենք, դեռ չի եղել: Մեր խղճի թելադրանքով նման փորձ արել ենք, հեռուստատեսությամբ, մամուլով անընդհատ խոսում ենք դրա մասին: Մեզ հետ միասին գործում է հայտնի քարտեզագիր Ռուբեն Գալչյանը: Քարտեզներ պատրաստեցինք, Եվրոպա, ԱՄՆ ուղարկեցինք, Արցախի քարտեզները մինչեւ 1991 թվականը, դրանից հետո, այնուհետ 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարից հետո եւ նոյեմբերի 9-ի ստեղծված վիճակով քարտեզներ նույնպես տրամադրեցինք:
– Պարոն Մելքոնյան, Ադրբեջանը հայտարարել էր, թե առաջին հանրապետության իրավահաջորդն է: Հիմա շատ լավ խուսանավում էՙ դրա մասին ակնարկ էլ չի անում: Ինչո՞ւ մե՛նք չենք հիշատակում դա, չէ՞որ այդ փաստը փոխում է թե՛ քարտեզ, թե՛ սահման, թե՛ նրանց պահանջի բովանդակությունը:
– Իհարկե: Ակադեմիայի թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը 30 տարի խոսում է դրա մասին, որ Ադրբեջանը իրեն հռչակելով առաջին հանրապետության իրավահաջորդ, որեւէ տարածքային հավակնություն չի կարող ունենալ ո՛չ Արցախի, ո՛չ Սյունիքի, հայկական որեւէ՛ տարածքի հանդեպ: Քանի որ դրանք պայքարի արդյունքում դուրս են մնացել Ադրբեջանի վերահսկողությունից: Երբ խնդիրը վերաբերում է առաջին հանրապետության, իրենք խնդիրն արագ շուռ են տալիս, խոսում են Խորհրդային Ադրբեջան- Խորհրդային Հայաստան սահմանի մասին, որն իրենց համար առավել նպաստավոր է: Այսօր շահեկան վիճակում հայտնված Ադրբեջանը շատ ավելի հեշտ է բանակցում, իր խոսքն առաջ մղում, քանի որ ուժի դիրքերից է հանդես գալիս, այլ ոչ թե դե յուրե փաստաթղթային հիմքն է առաջնորդող դառնում իր խնդիրները կարգավորելիս:
– Ձեր կարծիքով տարիներ անց ինչպե՞ս կգնահատվի հայ իշխանավորների, կառավարության այսպիսի քայլը, Հայաստանը տկարացնելու, պետականազերծ ու զուրկ անելու այս ծրագիրը:
– Երբ այսօրվա տեսանկյունից ես նայում, երբ բնակչության մի մասը շատ վախեցած վիճակում է, գնահատվում է նույնիսկ դրական, միայն թե պատերազմ չլինի: Առանց մտածելու, եթե այսօր պատերազմ չեղավ, վաղն ավելի սարսափելի պատերազմ է լինելու, եթե պատերազմից փախչում եսՙ անընդհատ նորանոր տարածքներ զիջելու գնով: Իսկ ինչ վերաբերում է պատմության դատին թողնելուն, պատմությունը միշտ էլ գնահատում է երեւույթըՙ հեռավորությունիցՙ տարածության ու ժամանակի մեջ, ու եթե արդյունքը գոհացուցիչ չէ, բնական է, տվյալ իշխանության հասցեին պատմությունը չի կարող թողնել դրական գնահատական:
– Անընդհատ ասում ենքՙ պատմությունը նման բան չի տեսել, որ պարտվող երկրի ղեկավարը, կապիտուլյանտը մնա իշխանության ղեկին: Միշտ հղում ենք անում պատմությանը, դրա լավագույն գիտակն եք:
– Եթե մեր ժողովուրդը գտնում է, որ դրանից հետո առաջին դեմքը կարող է մնալ, իր որոշելիքն է: ժողովրդին չես կարող մեղադրել, դա իր մոտեցումն է. իմ կարծիքն ուրիշ է, բազմիցս եմ նշել: Ցավալին այն է, որ ժողովրդավարության խոցելի կողմերից մեկն էլ դա էՙ իշխանությունը միշտ վկայակոչում է այն հանգամանքը, թե օրինական է, լեգիտիմ, ժողովուրդն է իրեն ընտրել եւ խոսում է նրա անունից:
– Լեգիտիմ էր նաեւ Հիտլերը: Ուներ մեծաթիվ համակիրներ, պարտվեց, ինքնասպան եղավ:
– Այո, վերջում էլ մեղադրում էր իր ժողովրդին, որ գերմանացի ժողովուրդը չկարողացավ կամք դրսեւորել եւ պարտվեց պատերազմում, ուրեմն արժանի է կործանման: 1945 թվականի ապրիլի 30-ին արտասանած խոսքերն են:
– Մեր երկրում պոպուլիզմը շփոթում են ժողովրդավարության հետ: Ձեր կարծիքով, Հայաստանում ժողովրդավարություն կա՞, թե՞ ավարտվել է:
– Հայրենիքի, հողի համեմատությամբ ինձ համար ժողովրդավարությունն արժեք չէ: Կատեգորիկ եմ ասում: Թող ավելի նվազ ժողովրդավարություն լիներ, ինչպես հիմա Ադրբեջանում է, ուր բնավ գոյություն չունի, բայց այդ երկիրն այժմ շահեկան վիճակում է: Հիմա մենք ժողովրդավար երկիր ենք, ժողովրդավար Արեւմուտքը մեզ ծափահարո՞ւմ է, թե՞ չէ: Ասո՞ւմ է, թե այս պատերազմում ժողովրդավարությունը պարտվեց բռնատիրությանը:
– Արտերկրի լրագրության մեջ այդպիսի արձանագրումներ հանդիպել ենք:
– Իրավապաշտպաններ, անհատներ ասում են: Վրացի մի քանի իրավապաշտպաններ գրել էին, բայց պետական մակարդակով ասեն, թե տոտալիտար համակարգ ունեցող երկիրը տոտալիտար մեկ ուրիշ երկրի օժանդակությամբ, բռնությամբ մեկ այլՙ ժողովրդավար երկրի հաղթեց, եւ դա անթույլատրելի է, բացարձակապես չեմ տեսնում: