Վարդենիսի հատվածում թշնամու կետային առաջխաղացումը հեռուն գնացող նպատակներ ունի

Գևորգ Գյուլումյանն իր տելեգրամյան ալիքում գրում է.
Վարդենիսի հատվածում ադրբեջանական զորքի առաջխաղացումն իրականում շատ ավելի հեռուն գնացող նպատակներ ունի, քան պարզապես մարտավարական նոր բնագծերը զբաղեցնելը:
Սկսած 2020թ. նոյեմբերի 25-ից` թշնամին մշտապես ձգտել է ամրանալ Սոթքի-Վերին Շորժա (Քարվաճառի-Վարդենիս սահմանի երկայնքով) հատվածի ամբողջ երկայնքով: Պատճառներն, իհարկե, շատ են, բայց պետք է նկատի ունենալ, որ այդ քայլով այսօր ադրբեջանցիներն ավելի շատ փորձում են կանխել կամ հնարավորինս դժվարիրագործելի դարձնել Քարվաճառի հետագա ազատագրումը, որը, բոլորս ենք հասկանում, վաղ թե ուշ իրականություն է դառնալու: Այս քարտեզում պարզ երևում է` 1993թ. գարնանը հայկական զինուժը Վարդենիսի հատվածում կոնկրետ որ գյուղերից է ձեռնարկել առավել հուժկու և հաջող գրոհներ, նաև որոնց շնորհիվ ազատագրվել է մեր հայրենիքի այդ հատվածը. այսօր թշնամին փորձում է զավթել հենց այդ գյուղերի հարակից բարձունքները:
Ուստի պետք է լրջորեն զբաղվել ստեղծված խնդրով և կանխել ադրբեջանական զինուժի` այդ տարածքում մշտական վերահսկողություն սահմանելու բոլոր ջանքերը:
