ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պնդում է, որ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամները նեղված հրաժարվեցին կատարել իրենց պարտականությունները. ասում եք՝ առաջացել է ճգնաժամ՝ չառաջացնեիք ճգնաժամ: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, ԵՊՀ գիտխորհրդի հետ հանդիպման ժամանակ նշեց դիմելով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին ասաց ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը:
«Ես նախարարի խոսքում տեսա մանիպուլյացիա, արդարացում, բայց բովանդակային գնահատական չտեսա: Ուզում եք ձեւավորել նոր խորհուրդ, միանշանակ հնարավորություն ունեիք ըստ գործող կարգի ձեւավորել; Իսկ ճգնաժամն այս քայլով ավելի է խորանում: Որովհետեւ երբ ՍԴ-ում վիճարկվում է նորմը, բավարար հիմքեր ունենք պնդելու, որ ՍԴ-ում կվիճարկվի նաեւ կառավարության որոշումը, արհեստականորեն ստեղծում ենք տուրբուլենտ վիճակ:
Ես առաջարկել եմ, որ բոլոր փոփոխությունները ներքին պահանջարկով արվեր: Եթե որեւէ մեկի կողմից արվում է առաջարկ, եկեք քննարկենք առաջարկը, ոչ թե այն, թե առաջարկ անողն ով է, ուսանող է, դասախոս է, որեւէ կուսակցությունից է եւ այլն»,-ասաց նա եւ հարց ուղղեց նախարարին. «Արդյոք պատրաստվո՞ւմ եք գալ ռացիոնալ դաշտ եւ քայլեր ձեռնարկել իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ»;
Ի պատասխան նախարար Դումանյանն ասաց. «Ես գտնվում եմ ռացիոնալ դաշտում, ես ձեզ եմ հրավիրում գալ ռացիոնալ դաշտ: Այդ դաշտն այնքան ակնհայտ է: Այո, հարցը գտնվում է ՍԴ-ում, մենք ո՞վ ենք, որ ՍԴ-ի որոշումը չընդունենք, բայց քանի դեռ չկա ՍԴ-ի որոշում, մենք չենք կարող պնդել, թե ինչպիսին կլինի այդ որոշումը: Ես առաջարկել եմ, որ մինչեւ կլինի ադյ որոշումը, որը կարող է տեւել ամիսներ, եղած օրենքներով եկեք խնդիրը լուծենք:
Եկեք որոշենք, արժի՞ արդյոք ռեկտորի մրցույթ արվի եւ ԵՊՀ-ն որքան հնարավոր է շուտ ունենա ռեկտոր: Այստեղ կարող ենք մտածել, քանի որ հարցը ՍԴ-ում է, հիմա ռեկտոր ընտրենք, հետո այդ որոշումը ճանաչվի հակասահմանադրական, ընտրված ռեկտորը կհայտնվի անհասկանալի իրավիճակում, ինչ պետք է անենք: Այստեղ կարելի էր ձեւավորել խորհուրդ, ժամանակավոր պաշտոնակատարի հարցը լուծել, քանի որ պարոն Գեղամ Գեւորգյանը դիմում է գրել եւ սպասել ՍԴ-ի որոշմանը»:
News.am