Իշխանը Սաղաթելյանը 6 ամիս է՝ տրեներովկաների մեջ է, չեմ կարող այդպես խոսել, բայց կփորձեմ անդրադարձ անել երեք կարեւոր բովանդակային հարցերի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ։
Նա նշեց, որ ինքը վերջին անգամ հանրահավաքում հարթակում է եղել 2003-ին՝ Մատենադարանի դիմաց, նախագահական ընտրություններից մեկ օր առաջ:
«Մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ եւ իշխանության հայտ ներկայացնել: Ես կարծում էի, որ պետական պաշտոնյա լինելը ինձ համար ավարտված է, որ կատարել եմ պարտքս հայրենիքի հանդեպ եւ կարող եմ ապրել իմ անձնական կյանքով: Բայց այն, ինչ եղավ, այն վտանգները, որոնք այսօր կան մեր երկրի առջեւ, ստիպում են հետ գալ ու պայքարել: Հակառակը կլինի դասալքություն»,-ասաց նա:
Քոչարյանը հայտարարեց, որ 3 խնդիր կա երկրի առջեւ։
«Առաջինը՝ ՀՀ-ն այսօր անվտանգ չէ, այսօր Սյունիքի սահմաններն անվտանգ չեն: Մենք այսօր մի երկիր ենք, որը սեփական ուժերով չի կարողանում պաշտպանել երկրի բնակչության անվտանգությունը, իր սահմանները: Այսօր ունենք իշխանություն, որը հետեւողականորեն քայքայել է բանակը եւ չի անում ոչինչ այն վերականգնելու համար: Մեր նպատակն է հաստատել արժանապատիվ խաղաղություն: Դա չի կարող անել մի իշխանություն, որը մարմնավորում է պարտություն, նվաստացում, խայտառակություն, մահեր, զոհեր: Չեն կարող անել: Մենք կարող ենք դա անել, պատրաստ ենք անել:
Երկրորդը՝ Ղարաբաղի ապագան, անկեղծ ասեմ, բավական մշուշոտ է, ստորագրված պայմանագրով 4,5 տարի անց այդ չարաբաստիկ հայտարարությունը ենթադրում է, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից: Հիմա որեւէ մեկը ձեզնից լսե՞լ է այս իշխանավորներից, թե ինչ են անում իրենք այդ ուղղությամբ: Արդյո՞ք պատրաստ են այսպիսի սցենարի, թե՞ ոչ: Պարտության դեմք հանդիսացող իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցող լինել: Հնարավոր չէ բանակցել թշնամու հետ, եթե դու չորեքթաթ ես շարժվում, եթե ծնկներիդ վրա ես կանգնած:
Հետեւաբար, պետք է գա մի իշխանություն, որն ի վիճակի է արհեստավարժ ձեւով հպարտ բանակցել ու հասնել Ղարաբաղի համար բարենպաստ լուծումների: Մենք կարող ենք դա անել:
Երրորդը՝ երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է: Տնտեսությունը 7,5 տոկոս անկում է ապրում, սղաճն ուտում է ձեր ցածր եկամուտները, երկիրը խրվել է արտաքին պարտքերի մեջ: Չի կատարվել ոչ մի խոստում, թռիչքաձեւ աճը փոխարինվեց թռիչքաձեւ անկումով: Սա է այս իշխանության 3 տարվա արդյունքը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Հետեւաբար, նրա համոզմամբ, սրանք չեն կարող շարունակել, պարտվելը միայն պարտություն չի պատերազմում՝ տնտեսական ոլորտում ձախողվելը նույնպես պարտություն է:
«Պարտությունը իշխանության համար պետք է առնվազն իշխանությունը կորցնելու գինը ունենա: Չի կարող պարտությունը լինել անհետեւանք, հակառակ դեպքում ունենալու ենք մշտապես պարտվող ազգ, լուզերների ազգ ենք դառնալու, եթե պարտությունը իշխանության համար հետեւանքներ չունենա: Ուրեմն այս իշխանությանը պետք է քշել, եթե իրենք պատրաստ չեն ինքնակամ հեռանալ»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․