Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ներկայացուցիչների հանդիպումները՝ Մարտունիում

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ներկայացուցիչներն այսօր այցելել են Մարտունի քաղաք, որտեղ հանդիպումներ են ունեցել Մարտունու շրջվարչակազմի տեղակալների և Մարտունու քաղաքապետի տեղակալի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՅԴ Արցախի երիտասարդական միության՝ Մարտունու շրջանում իրականացրած և առաջիկայում նախատեսվող ծրագրերը:

Քննարկվել է ՀՅԴ երիտասարդական միությունների՝ Մարտունիում իրականացված ճամբարի կարևորության և ամռան ընթացքում գյուղերում ևս կազմակերպելու հարցը:

Մասիս Զարգարյանն առաջարկել է ՀՅԴ ԱԵՄ-ի կողմից իրականացվող «Նորարարական գյուղատնտեսության» վերաբերյալ դասընթացները կազմակերպել նաև Մարտունիում, որի հնարավորության հարցը միությունը կքննարկի առաջիկայում:

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը իր պատրաստակամությունն է հայտնել առաջիկայում ևս նախաձեռնել Մարտունիում երիտասարդական կյանքի աշխուժացմանն ուղղված նոր ծրագրեր:

Քաղաքապետի տեղակալ Վիտյա Ավանեսյանը, բարձր գնահատելով ՀՅԴ Արցախի երիտմիության աշխատանքները, շնորհակալություն է հայտնել նրանց նախաձեռնողականության համար:

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներն անդրադարձել են նաև վերջին շրջանում Գարեգին Նժդեհի արձանի շուրջ առաջացած խնդրին: ՀՅԴ ԱԵՄ-ը դեմ է արտահայտվել արձանի տեղաշարժմանը և իր աջակցությունը հայտնել տեղական ինքնակառավարման մարմիններին, ինպես նաև տեղեկացրել, որ միությունը հետևում և արձագանքելու է իրադարձությունների զարգացմանը: