Հայաստանի անկախության հետ հավասար քայլող «Ազգ» շաբաթաթերթի «օնլայն» ամբիոնից շնորհավորում եմ անաչառ լուսաբանող լրագրողներին, տեղեկության բռնի կապեր քանդողներին ու եղելության ճշտիվ պատմողներին։ Իհարկե, անհնար է չվրդովվել և զսպված կոպտությամբ չանդրադառնալ մեր մամուլի զեղծարարներին և գրոշների փափագով փուչ ու կեղծ ինֆորմացիա տարածողներին։ Եթե ժամանակներ առաջ բերնեբերան թռչող լուրը կվերածվեր ժողովրդական հյուսվածքի, գուցե և համեմված հեքիաթ-լեգենդի, ապա մեր այս դարում ապատեղեկատվությունը և միտումնավոր «չեղելության» տարածումը կարելի է դասել որպես ութերորդ մահացու մեղք։
Կեցցե թափանցիկ, շոշափելի և իրական մամուլը։ Կեցցե անաչառ ու պարկեշտ իրազեկումը։ Կեցցեն դարի գերզգայուն ոլորտի՝ լրագրության հավատարիմ նվիրյալները, որոնք չեն ծնկում գայթակղիչ գրոշներին հանդիման և չեն զբաղվում ստորությամբ։
Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ