Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին ողջունել է Իսրայելում զբոսաշրջության և առևտրի զարգացման կենտրոն բացելու՝ Ադրբեջանի մտադրությունը՝ նշելով, որ սա նշանակալի քայլ է Իսրայելում դեսպանատան բացման ուղղությամբ:
«Ադրբեջանը Իսրայելի համար էներգետիկ ռեսուրսների դաշնակից, բարեկամ և խոշորագույն մատակարար է: Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ կարևոր հարաբերությունների զարգացման և դրանք նոր ոլորտներում ընդլայնելու ուղղությամբ»,- ասել է Աշկենազին:
Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանը մտադիր է 2021 թվականին Իսրայելում բացել դիվանագիտական կարգավիճակ ունեցող առևտրային առաքելություն և տուրիզմի զարգացման պաշտոնական ներկայացուցչություն: Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է. «Ադրբեջանը մտադիր է այս տարի Իսրայելում դիվանագիտական կարգավիճակ ունեցող առևտրային առաքելություն բացել: Իսրայելի արտգործնախարար Գաբի Աշկենազիի գլխավորությամբ՝ Իսրայելի և Ադրբեջանի խառը հանձնաժողովի երկրորդ նիստը, որն այսօր անցկացվել է տեսակոնֆերանսով, նվիրված էր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների և առևտրի զարգացմանը: Հանդիպման ընթացքում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբարովը ասել է, որ Ադրբեջանը մտադիր է այս տարի բացել պաշտոնական ներկայացուցչություն զբոսաշրջության զարգացման համար և առևտրի ներկայացուցչություն Իսրայելում՝ դիվանագիտական կարգավիճակով»: