ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ:
«Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։
Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:
Հնարավոր զոհերի, վիրավորների և պայթյունի պատճառած ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են, և դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի»,-գրել է Աննա Նաղդալյանը:
Նշենք, որ «Արևելք» կայքը տեղեկացնում է, որ զոհվածը լիբանանահայ գործիչ Նազար Նաճարյանն է։