Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդի “ողջամտության” կոչը նախագահ Բայդենին

Նախագահ Էրդողանից հետո Ապրիլի 24-ի առթիվ հայտարարություն է արել նաև ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն: Նրա հայտարարությունն ապրիլի 23-ին տեղադրվել է կուսակցության պաշտոնական կայքէջում՝ “CHP org”-ում:

Ահա թե ինչ է ասել. “Միջազգային մամուլը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է որպես “հայոց ցեղասպանություն” բնութագրել   1915 թ. ապրիլի 24-ի տեղահանության որոշումն ու դրան հաջորդող փոխադարձ տառապանքները: Դա հանիրավի, անտեղի և անարդար մոտեցում է: Հնարավոր չէ ընդունել այդ արտահայտությունը:

Մարդկության պատմության մեջ պատերազմները մշտապես աղետաբեր են եղել և կորուստներ պատճառել: Ցավոք Առաջին համաշխարհային պատերազմը նույնպես միլիոնավոր մարդկանց սպանության պատճառ դարձավ, նույնքան մարդ էլ վիրավորվեց:

Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը դեմ է վշտերի փորձաքննությանը: Իբրև քաղաքական գործիչներ, մենք առաջնահերթ նշանակությամբ պետք է դասեր քաղենք անցյալից և աշխատենք, որ դա չկրկնվի: Պետությունը մարդկանց պատմությունն են կերտում, իսկ գիտնականները՝ պատմությունը գրում: Անընդունել են պետության պատասխանատու պաշտոններ զբաղեցնող գործիչների պատմություն գրելու փորձերը: Խնդրո առարկա բնութագրումը ներկա պահին դժվարին ուղի անցնող Թուրքիա-ԱՄՆ  հարաբերություններին անբուժելի վերքեր կպատճառի: Այդ իսկ պատճառով Մեծարգո Բայդենին և ԱՄՆ-ի վարչակազմին ողջամտության կոչ եմ անում, հորդորում՝ հարցին ցուցաբերել այնպիսի պատասխանատու վերաբերմունք, որ չտուժեն դժվարությունների առջև կանգնած բարեկամ և դաշնակից երկրների ռազմավարական հարաբերություններն ու նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը”: