Քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց սոցիալական կրեդիտներից նվիրատվություն անել լրատվամիջոցներին. Փաշինյան

2027 թվականի հունվարի 1-ից Համընդհանուր հայտարարագրման համակարգում կիրականացնենք փոփոխություն, որի արդյունքում քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց սոցիալական կրեդիտներից նվիրատվություն անել լրատվամիջոցներին։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չեմ կարծում, որ սկզբնական շրջանում այս մեխանիզմը միանգամից կլուծի լրատվամիջոցների ֆինանսավորման հարցերը։ Բայց տարիների ընթացքում մենք կունենանք ինստիտուտ, որը խնդիրը կլուծի։
Դեռևս 2018 թվականից մենք լրատվամիջոցներին ունենք առաջարկ, որը սառեցվեց, ինչքան հիշում եմ, լրատվամիջոցների հետաքրքրվածություն չլինելու պատճառով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է ֆեյքերին՝ նա հավաստիացրեց՝ անձամբ ինքը ֆեյք չունի։
«Եվ մեր ունեցած ֆեյքերի մասին էլ ոչ մի տեղեկություն չունեմ»,- նշեց Փաշինյանը։
