Azgonline.am-ի թղթակից Հայկ Սիրունյանը զրուցել է Բրյուսելից վերադարձած և հայանպաստ գործունեություն ծավալող Մարի Վան Մարկ- Իսկենդերյանի հետ: Զրույցը փոխադրվել է արևելահայերենի՝ ընթերցողի դյուրընկալման նկատառումներից ելնելով:
-Խոսենք մի քիչ ձեր անցյալից: Ո՞րտեղ եք մեծացել, ի՞նչ միջավայրում:
-Ծնվել եմ Ճապոնիայում: Հայրս պաղեստինահայ էր, մայրս՝ սիրիահայ: Հայ ենք հարյուր տոկոս (ծիծաղում է): Ճապոնիայից հետո տեղափոխվեցինք Լիբանան և մի քանի տարի այնտեղ ապրեցինք՝ սկսվեց պատերազմը: Տեղափոխվեցինք Շվեյցարիա: Ահա այստեղ ուսում առա, տիրապետում եմ իննը լեզվի: Երբ հիշում եմ մանկությունս՝ մենակությունն է աչքիս առաջ գալիս, որովհետև ո՛չ հայկական դպրոց եմ գնացել, ո՛չ հայ բարեկամ եմ ունեցել, ծնղներս շփվում էին տեղի հայ համայնքի հետ, բայց իմ հոգին այդքանով չէր հագենում, ոչինչ չէի հասկանում. նրանք մեծ մարդիկ էին, իսկ ես փոքրիկ աղջիկ: Հայկականության հանդեպ սերս ծագեց մասնավորապես հայրիկիցս. շա՜տ հայրենասեր էր, խենթենալիք հայ: Պաղեստինում մեծանալով էքստրիմ հայ էր դարձել, քանի որ ուրիշ հայ չկա, մենակություն է այնտեղ ամենուր, և օտար լեզվով երբ խոսում էինք՝ գոռում էր, որ հայերեն խոսենք: Ինքն էլ տասը լեզու գիտեր, բայց հայերենը… ամենակարևորն էր: Նա էր, որ անընդհատ ասում էր, որ մենք նախևառաջ հայ ենք և մեր լեզուն հայերենն է: Մի խոսքով, իբրև հայ ես ինձ մենակ էի զգում Շվեյցարիայում՝ այն երկրում, որտեղ շատերն են երազում ապրել: Գիտե՞ք՝ ամեն տեղ կան հայեր, բայց այդ վայրերը Հայաստան չեն: Երազանքս այն էր, որ մի օր վերադառնամ հայրենիք (թեկուզ ես ծնվել եմ այլ երկրում, բայց գիտակցում էի, որ Հայաստանն է իմ հայրենիքը), այն փոքրիկ հեքիաթային հողը, որի մասին միշտ երազել ու չէի տեսել: Այս երազով կարելի է ասել մեծացել եմ՝ Հայաստան գնալու երազով, իմ քույրերի, եղբայրների, նախնիների երկիր Հայաստանը, որտեղ կարող եմ զգալ իմ հայ լինելը:
Շվեյցարիայում ավարտեցի ուսումս, չնայած մինչ այդ աշխատում էի շվեյցարական բանկերում՝ զբաղեցնելով կարևոր պաշտոններ, ցանկացա ավելի ընդլայնել կրթությունս ոչ թե իմ լեզվաբանական, թարգմանչական թեքումով, այլ բիզնես ոլորտում: Ընդունվեցի ամերիկյան համալսարան, ծանոթացա ապագա ամուսնուս հետ, որը պրոֆեսոր էր նույն համալսարանում: Անունն է Փոլ Վան Մարկ, Բելգիացի է: Երբ իմացավ, որ հայ եմ, զարմացավ և տվեց Շառլ Ազնավուրի, Արամ Խաչատրյանի անունները (ժպտում է): Կամաց-կամաց, երբ սկսեցիք մեր կյանքը կառուցել, այս մարդն այնպիսի հարգանք ցուցաբերեց իմ հայ լինելու հանգամանքին, որ նկարագրելու չէ: Երբ երեխաներին կնքելու հարցը բարձրացրի, նա հապճեպ ասաց, որ երեխաները (նաև ինքը) պետք է կնքվեն առաքելական եկեղեցում: Չորս երեխա բերեցինք լույս աշխարհ՝ Ժան Վան Մարկը 17 տարեկան, Ուլիս Վան Մարկը 15 տարեկան, Մարի-Անժելիկ Վան Մարկը 13 տարեկան և Էմէ Վան Մարկը 10 տարեկան: Բայց իրերի բերումով տեղափոխվեցինք Բելգիա, ամուսնուս մահամերձ հոր մոտ, և մնացինք այնտեղ: Երեխաներս Բրյուսելում դպրոց գնացին: Ցավով պետք է հիշեմ, որ այդ ժամանակ (2009-2011թթ) դպրոցներում կար մեկ ժամ, որի ընթացքում մուսուլմանները գնում էին մուսուլմանական միջավայր, կաթոլիկները՝ կաթոլիօկ, և չկար հայկական առաքելական միջավայրը, որտեղ ուղարկեի երեխաներիս: Ես գրեցի մինիստրին, թե ինչպե՞ս կլինի, որ մենք, լինելով առաջին քրիստոնյա ազգը, չունենանք մեր միջավայրը՝ առաքելական դասաժամ անցկացնելու համար: Զարմանալիորեն ղեկավարությունն ասաց, որ դուք զբաղվեք այդ դասաժամի կրթությամբ: Ես էլ զբաղվեցի: Ուրեմն երբ մուսուլմանները հավաքվում էին իրար հետ, հրեաներն իրար հետ, կաթոլիկներն իրար հետ, տղաս էլ գալիս էր ինձ մոտ (այդ ժամանակ միայն որդիս էր հայ առաքելական): Սովորեցնում է հայերեն, աղոթք, այնուհետև գնահատում էի, հետո եկավ մյուս տղաս՝ ունեցա երկու աշակերտ (ծիծաղում է): Այս դասերը լցրին երեխաներիս հայկականությամբ:
Փոլի աշխատանքի բնույթը փոխվեց և մենք տեղափոխվեցինք Լյուքսեմբուրգ, և նորից սկսվեցին դժվարությունները: Զավակներիս ամենայան հայկականն էի մատուցում կրթության տեսքով: Հիշում եմ՝ խոսում էի նրանց հետ ցեղասպանությունից, հայկական դաժան ճակատագրից, մեր գլխով անցած պատերազմներից: Մոտենում էր ցեղասպանության 100-րդ տարելիցը: Տղաս այդ օրերին մի բան ասաց, որ փոխեց իմ հետագա վարմունքը: Ասաց, մայրիկ, երբ ինձ շվեյցարացի եմ զգում՝ ուրախ եմ, երբ բելգիացի եմ զգում՝ ազատ եմ, երբ հայ եմ զգում՝ տխրում եմ, քանզի անընդհատ լացում ենք: Հասկացա, որ թերի եմ դաստիարակել և որոշեցի իսկույն ևեթ այլ մեթոդների դիմել: Փորձեցի բազում ճանապարհներով հասկացնել երեխաներիս, թե հայ լինելն ինչ պատիվ է և ինչ հրաշք է: Գրեցի մի երգ «The Magic Armenian», այն թեմայով, որ մենք ուժեղ ենք, կարևոր ենք, առաջ ենք ընթանում և այլն: Գրեցի անգլերեն, որ այլազգիներն էլ հասկանային: Հանկարծ Փոլը աշխատանքից վերադառնալիս, լսում է, որ երեխաները երգում են այս երգը և ապշում է, ասում, թե ի՜նչ լավ մեղեդի է: Երեխաներն ասում են, որ մայրիկի երգն է, Հայաստանի մասին է, գրել է, որ հիշենք մենք հայ ենք և այլն: Իհարկե գովեց, հիացավ նույնիսկ, և օրեր անց ասաց, որ անակնկալ ունի ինձ համար: Մտքովս ամեն ինչ անցավ՝ մատանի, մեքենա, ինչ ասես, բայց գնացինք մի մութ վայր, պարզվեց, որ ձայնագրման ստուդիա է, որտեղ երգս ձայնագրվեցի և ամուսինս ասաց, որ պետք է գնամ անպայաման Հայաստան: Երգը երբ լսում էի զգում էի, որ մի բան պակաս է՝ դա դուդուկն էր: Մի հայ դուդուկահար բարեկամի հիշեցի և խնդրեցի, որ նվագի երգիս համար: Վերջինս գնում է ստուդիա ձայնագրվելու, որտեղ էլ մի ուրիշ լավ բարեկամի՝ Արթուր Գալստյանի հետ ենք ծանոթանում և ձայնագրում, տարածում ամեն ուր:
Մի օր էլ ամուսինս ասաց, որ դու հրաշալի մայր ես, ուսուցիչ ես, որ հրաշալի դաստիարակում է իր զավակներին և հիմա էլ ժամանակն է, որ գնաս Հայաստան, և միայնակ, որ ավելի լավ ընկալես քո երկիրը: Ասաց գնա և ճանաչիր քո երկիրը, ազգությունը: 2015-ին առաջին անգամ եկա Հայաստան: Ինձ համար դժվար է բացատրելը, բայց երբ ինքնաթիռ նստեցի, տեսա, որ բոլորն ինձ նման են, իմ լեզվով են խսում և առաջին անգամ ինձ մենակ չզգացի: Ուզեցի բոլորին համբուրել, բոլորին, որ այնքա՜ն նման էին հորս: Հասանք Հայաստան և համբուրեցի ամեն ինչ՝ ընդհուպ հողը:
Գալով Հայաստան սկսեցի անհապաղ մտածել, թե ինչպես օգտակար լինեմ իմ ժողովրդին, և սկսեցի ամենուրեք բարեգործական այցեր կատարել: Զորամասերում համերգներ կազմակերպեցի, երգեցի, ուրախացրեցի տղաներին, հասա մինչև Արցախ՝ Եղնիկներ: Օգնություններ բերեցինք, դարձա կամուրջ՝ Լյուքսեմբուրգ-Երևան: Լյուքսեմբուրգում երգելով գումար էի հավաքում և բերում Հայաստան: Արթուր Գալստյանի հետ խորհրդակցելով սկսեցինք մարզեր այցելել՝ ավելի լավ տեղեկացվելու մարդկանց ապրուստից, պայմաններից: Հասանք Հրազդան, որտեղ էլ հասկացա, որ բնակիչներին կարող եմ օգտակար լինել իմ ծառայություններով: Քանզի ես նաև հոգեբան եմ, լեզվաբան, ուրեմն կարող եմ այդ միջոցով էլ պիտանի լինել մարդկանց: Հիմնեցի մշակույթի կենտրոն, քսանից ավելի երգեր թողարկեցինք՝ Հայաստանի, հայերի մասին, կապեր ստեղծեցինք արտասահմանում գտնվող մեր ծանոթների և տեղի բնակիչների հետ:
Այս պատերազմին եկել էի , որ մասնակցեի: Ամուսնիս ասաց, որ հասկանում է ինձ և նույնիսկ կողմ է, որ գանք Հայաստան: Ընտանիքով եկանք. չէինք կարող հանգիստ նստել տանը՝ Լյուքսեմբուրգում, երբ հայերն այստեղ դժոխքի միջով էին անցնում: Չթողեցին մասնակցել պատերազմին և ես էլ եղա մայրերի՝ զոհված կամ վիրավոր զինվորների մայրերի կողքին: Դաժան օրեր էին: Երեխաներիս ասացի, որ մենք էլ մեր չափով պետք է տառապենք, մեր անձնական կյանքերը մի կողմ դնենք և նվիրվենք: Զավակներիս ասացի, որ այս ցավը նաև մենք պետք է շալակենք մեր ուսերին: Ամբողջ ընտանիքով լծվեցինք տարբեր բարեգործական նախաձեռնությունների, և պատկերացրեք, որ երեխաներս աննկարագրելիորեն փոխվեցին, մեծացան, հայացան: Մինչ այդ ասեմ, որ նամակ էի գրել կառավարությանը՝ պատճառաբանելով, որ հայկական անձնագիր չունենք, բայց հայ ենք և այլընտրանք չկա, պետք է գանք մեր տուն և օգտակար լինենք: Ես պետք է ասեմ, որ մեծ հպարտությամբ եմ վարակվել covid-ով, քանի որ հուղարկավորությունների, հոգեհանգիստների և այլ արարողությունների էի անընդհատ մասնակցում և առանց դիմակի գրկախառնվում էի մայրերի հետ: Գնացի տուն կոտրտված, և զավակներս հավաքվեցին շուրջս և հպարտությամբ եկան ու համբուրեցին ինձ, ու ասացին, որ քեզ հետ պետք է շալակենք այս հիվանդությունը: Նրանք չհիվանդացան բարեբախտաբար, բայց ահա, այսքան է սերը Հայաստանի հանդեպ:
Ինչպես արդեն ասացի Բրյուսելի ծանոթներիս և Հայաստանի միջև կամուրջ եմ հանդիսացել և շատերն էլ տեսնելով իմ արդար նվիրումը՝ տրամադրեցին գումարներ, որոնք ես պատերազմի օրերին փոխանցեցի Հայաստանին: Բայց միայն դրամական, նյութական օգնությունը չէ, որ ցուցաբերում եմ, այլ նաև հոգեբանական, որպես մասնագետ, կրթական, քանի որ բացի հոգեբանից նաև լեզվաբան եմ և տիրապետում եմ իննը լեզվի: Այս վերջինն ինչու՞ եմ կարևորում, քանի որ մենք պետք է իմանանք լեզուներ՝ կարդալու և տարբերելու արտասահմանում տարածվող տեղեկությունների իսկությունը, և մրցելու տարածվող ինֆորմացիոն կեղծիքի դեմ:
-Միտք ունե՞ք՝ մշտական Հայաստան տեղափոխվելու:
-Անպայման, խոսք լինել չի կարող: Երեխաներս հպարտությամբ են կրում «հայ» պատվաբեր անունը: Հիմա ամեն ամիս եմ գալիս-գնում Հայաստան, բայց մոտ ապագայում տեղափոխվելու ենք ընտանիքով մեր հայրենի երկիրը:
Որպես հավելում և մաղթանքի խոսք ասեմ, որ Հայասատանում մարդիկ դրամին կարոտ չեն, այլ հոգեկան օգնության և իրենց անձը կարևորելու պետք ունեն: Սիրո, հարգանքի և համբույրի կարիք ունի հայաստանցին, շնորհակալության կարիք ունի, իսկ մենք պարտավոր ենք ասել շնորհակալություն, որ մնում են և ապրում Հայաստանում: Ես խնդրում եմ Աստծուց, որ Հայաստանը վերջապես ստանա այն ինչին արժանի է, ամենայն լավին, բարուն: Աղքատությունն եմ ուզում վերանա մեր երկրից, և նաև գիտակցումը, որ իրական ոսկին բնակիչն է՝ Հայաստանի բնակիչը, որ շալակում է իր երկիրն ուսերին: Մեծ տղայիս ձեռքից բռնեցի և ասացի, որ ճիշտ է չափահաս չես, բայց պարտավորություն կրելու տարիքում ես: Ասացի, որ պատերազմի նախավերջին օրը զոհված մեր տղաներից մեկի որդու կնքահայրը պետք է լինես: Ասացի՝ գնա՛, տես այդ երեխայի մայրիկին և ասա, որ մյուս տարի չափահաս կդառնաս և պետք է պարտավորվես խնամել այդ երեխային իբրև կնքահայր: Սա ոչ դրամի հարց է, ոչ քաղաքականության. հայ ենք, այս երեխան երիտասարդ հորը կորցրեց: Սա պարտականություն է, որ մեզանից ամեն մեկը հնարավորության չափով գոնե մեկին օգնի: Հայաստանցին ամենալավին է արժանի և ես էլ մաղթում եմ ամենալավն իմ ազգին և իմ երկրին:
Զրուցեց՝ Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ