Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն արձագանքել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի երեկվա ֆեյսբուքյան գրառմանը, որում Մինասյանն ասում էր, որ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը համառորեն չի նկատում, որ Նիկոլ Փաշինյանը պահանջատիրության հարցը հօգուտ թուրքերի է լուծում՝ աշխատելով ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ։
Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբույան էջում տարածված հայտարարությունում ասվում է, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համար Հայոց Ցեղասպանության ճանաչումը մնում է անշեղելի սկզբունք։ Նաև նշվում է, որ մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պահանջը շարունակում է մնալ անշեղելի սկզբունք։ Նաև նշվում է, որ իշխանություններն ու պայմանները, անձերն ու մոտեցումները կարող են փոփոխվել, սակայն ազգի իրավունքներն անփոփոխ են։
«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան համար Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ մեր ժողովուրդին բռնաբարուած իրաւունքներուն վերադարձի պահանջքը կը մնան անշեղելի սկզբունք՝ վեր ներքին թէ արտաքին աշխարհաքաղաքական նկատումներէ ու շահերէ։ Պայմանները ու իշխանութիւնները, անձերն ու մօտեցումները կրնան փոխուիլ, սակայն ազգի մը իրաւունքները կը մնան անփոփոխ ու անբռնաբարելի»,– ասվում է հայտարարարությունում։