Ճանապարհների ապաշրջափակումը ձեռնտու է միայն Ադրբեջանին եւ կնպաստի այդ երկրի տնտեսության զարգացմանը։ Ակներեւ է, որ հայերը բեռնափոխադրումներ չեն իրականացնի Ադրբեջանի տարածք – այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Ադրբեջանագետի փոխանցմամբ՝ ադրբեջանական պաշտոնական լրահոսից դատելով նրանք արդեն հաշվարկներ են արել, թե ինչքանով է ավելանալու իրենց արտահանման աճը տարածաշրջանում:
«Իսկ թե ինչ ձեռքբերումներ է ունենալու հայկական կողմը, այս պահին պաշտոնական որևէ փաստային կամ թվային հաշվարկ գոյություն չունի և չի էլ կարող ունենալ: Արդեն ավելի քան պարզ է, որ մենք ուղղակի կենացների մակարդակով ենք խոսում հայկական կողմի հնարավոր ձեռքբերումների մասին, դրա հիմքում չկա որևէ փաստ: Ակնհայտ է, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով բեռների փոխադրումը խնդիրներ է առաջացնելու մեր գործարարների համար: Քանի որ արդեն տեսնում ենք, որ Սյունիքում ադրբեջանցիները սադրանքների են ենթարկում մեր քաղաքացիներին: Օրինակ `քարերով են հարվածում հայկական համարանիշներով մեքենաներին և գնում են այլ տարատեսակ սադրանքների», – շեշտեց Էլիբեգովան:
Ըստ նրա՝ արդեն ակնհայտ է, թե ինչ տեղի կունենա, եթե հայկական մեքենաները փորձեն բեռները տեղափոխել Ադրբեջանի տարածքով: Ադրբեջանագետը նկատեց, որ հայկական կողմի համար շատ ավելի անվտանգ է բեռները տեղափոխել Վրաստանի տարածքով, քանի որ գոյություն ունի Լարսի ճանապարհը:
Ինչ վերաբերում է այն հնարավորությանը, որ հայկական արտադրանքը կարող է իրացվել ադրբեջանական շուկայում՝ Էլիբեգովան վստահություն հայտնեց, որ Բաքուն կստեղծի բոլոր հնարավոր խոչընդոտները, որպեսզի դա տեղի չունենա:
«Ադրբեջանը և Թուրքիան այսօր շահագրգռված չեն օգնել Հայաստանին՝ վերականգնել տնտեսությունը: Ընդհակառակը, նրանց նպատակն է հնարավորինս խոչընդոտել հայկական արտահանմանը և թույլ չտալ, որ տնտեսությունը վերականգնվի: Հետևաբար, խոսել այն մասին, որ մենք կգրավենք ադրբեջանական շուկան հայկական ապրանքներով, իրատեսական չէ», – ասաց Էլիբեգովան:
Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ճանապարհների ապաշրջափակման հարցը: Փաշինյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս նշել է, թե ճանապարհների ապաշրջափակման բխում է Հայաստանի շահերից:
Աղբյուր` Փաստինֆո