Թափանցիկ էկրանների տեխնոլոգիան, որպես այդպիսին նոր չէ և ակտիվորեն օգտագործվում է շատ ընկերությունների կողմից, բայց Չինաստանի Ցզիլին համալսարանի (Jilin University) ինժեներների նորարությունն այս ոլորտում կարող է բեկումնային լինել։ Նրանք ներկայացրել են նախատիպ, որն ապակյա թափանցիկ մակերևույթի վրա բարձր հակադրությամբ (контрастность) կարող է արտածել գույներ և տեքստ։ Բացի այդ, ըստ հեղինակների, էկրանը հնարավորություն ունի փոփոխվելու թափանցիկից՝ ամբողջովին սևի։
Այսպիսի տեխնոլոգիան կարող է հիմք հանդիսանալ նոր սերնդի խելացի ակնոցների էկրաններ թողարկելու համար։ Այնուամենայնիվ, հետազոտողները պետք է լուծեն կադրի՝ էկրանին արտացոլման արագության հարցը, քանի որ ներկայացված նախատիպում այն կազմում է մեկ վայրկյան, որը ժամանակակից իրականության մեջ բավականին երկար ժամանակահատված է։ Գիտնականների կարծիքով՝ որպեսզի տեխնոլոգիան ընկալելի լինի օգտատերերի համար, պետք է այդ ցուցանիշը հասցնել ոչ պակաս, քան 30 կադր վայրկյանի։
Արեն ՂԱՐԻԲՅԱՆ