Թուրք նախարարը զգուշացնում Վաշինգտոնին. “Ահաբեկիչ Սասունյանի ազատումը բանտից, սպառնալիք է նաև ամերիկացիների համար ”
Համբիկ Սասաունյանը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-յի մարտիկն է: 1982թ. հունվարի 28-ին Լոս Անջելեսում նա ահաբեկել էր Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին և դատապարտվել ցմահ ազատազրկման: 2020 թ. մայիսի 25-ին Սասունյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունք էր ստացել Կալիֆոռնիայի Գերագույն դատարանից, սակայն նահանգապետ Գավին Նյուսոմի որոշմով մերժել էր նրա այդ իրավունքը:
Փետրվարի 24-ին նահանգի Գերագույն դատարանը վերանայում Սասունյանի գործը և չեղյալ համարում նահանգապետ Նյուսոմի վերոհիշյալ որոշումը: Այսպիսով մեր հայրենակիցը ստանում է վաղաժամկետ պայմանական ազատման իրավունք: Այս որոշման համար ԱՄՆ հայ համայնքն իր երախտագիտությունն է հայտնում դատարանին, իսկ թուրքական իշխանությունները՝ տարակուսանք, ինչի արտահայտությունը, թերևս, Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի աղերսագիր հիշեցնող բողոքի նամակն է ԱՄՆ արդարադատության փոխնախարար Wilkinson-ին:
Նամակի մասին մարտի 12-ի համարում տեղեկացրել է իշխանամետ “Յենի Շաֆաք” թերթը: Ըստ տեղեկության նախարար Գյուլը նամակում լուրջ սխալ է համարել Սասունյանին ազատ արձակելու Գերագույն դատարանի որոշումը, պատճառաբանելով, թե այդ “ահաբեկչը” լուրջ սպառնալիք է հասարակության համար, ավելացնելով՚. “Խորին հարգանքով խնդրում եմ Ձեզ զգոնություն դրսևորել Սասունյանի արձակման հարցում, ինչը սպառնալիքի տակ է դնելու մեր դիվանագետների, ամերիկաբնակ թուրքերի և արտերկրի թուրք բնակչության անվտանգությանը”: Ապա նա ամերիկացի փոխնախարարին հիշեցնում է, որ նախքան Նյուսոմը, 2017-ին Սասունյանին ազատ արձակելու պահանջը անվտանգության միրնույն նկատառումներով մերժել էր նախորդ նահանգապետ Jerry Brow-ը, իսկ 2006, 2010, 2013 և 2015 թթ. հաջորդաբար Գերագույն դատարանը: Ազատ արձակել “ահաբեկիչ” Համբիկ Սասունյանին, Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի տեսանկյունից նշանակում ահաբեկչական գործողություններում քաջալերել ԱՍԱԼԱ-յի մնացած բոլոր ահաբեկիչներին:
Մեր հասարակությունը քաջածանոթ է թուրքական իշխանությունների Հայաստանի, հայ ժողովուրդի, առավել ևս ԱՍԱԼԱ-ի մարտիկների նկատմամբ որդեգրած դիրքորոշմանը, ուստիև թուրք նախարարի նամակը մեկնաբանության կարիք չի զգում: Բայցևայնպես զարմացնում է, թե նա ինչո՞ւ պաշտոնի բերումով ԱՄՆ-ի արդարադատության նախարարին դիմելու փոխարեն, դիմում է տեղակալին և նամակում բացարձակապես չի հոխորտում:




