Մարտի 15-ից Թուրքիա ժամանող բոլոր ուղևորները ստիպված կլինեն լրացնել էլեկտրոնային ձևաթուղթ՝ այսպես կոչված առողջապահական ծածկագիր ստանալու համար (HES ծածկագիր): Այդ մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
«Register.health.gov.tr կայքում տեղադրված ձևաթուղթը պետք է լրացվի ոչ ավելի, քան Թուրքիա մուտք գործելուց 72 ժամ առաջ: Դա անհրաժեշտ է այստեղ գտնվելու ընթացքում հանրապետություն ժամանող անձանց առողջության պաշտպանությունն ապահովելու համար: Լրացված տեղեկությունների հիման վրա ավտոմատ կերպով նշանակվելու են անհատական HES ծածկագրեր, որոնց օգնությամբ Թուրքիայի առողջապահության նախարարության աշխատակիցները կկարողանան կապվել այցելուների հետ, եթե պարզվի, որ նրանք ճանապարհորդության կամ Թուրքիայում լինելու ընթացքում կապվել են COVID-19-ով հիվանդների հետ», ասել է գործակալության աղբյուրը: