Չինաստանի իշխանությունները ծրագրում են շարունակել համագործակցությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների հետ` նոր տեսակի կորոնավիրուսի ծագման աղբյուրը պարզելու համար, հինգշաբթի ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կշարունակենք համագործակցել ԱՀԿ-ի հետ եւ կաջակցենք այս միջազգային կազմակերպության մասնագետների ջանքերին կորոնավիրուսի ծագման աղբյուրը գտնելու հարցում»,- ասել է նա Ժողովրդական ազգային կոնգրեսի տարեկան նստաշրջանին հաջորդած մամուլի ասուլիսին:
Վարչապետի խոսքով` Պեկինը շահագրգռված է այս ուղղությամբ այլ երկրների հետ ակտիվ համագործակցության հարցում: «Մենք հույս ունենք, որ շուտով աշխարհը կիմանա, թե ինչպես է առաջացել կորոնավիրուսը: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է թափանցիկ եւ բաց համագործակցություն պահպանել այս հարցերում»,- հավելեց Լի Կեցյան:
Ինչպես նախորդ շաբաթ հայտնել էր The Wall Street Journal-ը, ավելի վաղ 26 միջազգային փորձագետներ բաց նամակ էին ուղղել, որում նրանք պնդում էին, որ Չինաստան մեկնելուց հետո ԱՀԿ առաքելության զեկույցի եզրակացությունները չեն կարող բավարար համարվել, քանի որ կազմակերպության մասնագետները, իբր, բավարար հասանելիություն չունեին վիրուսի ծագման աղբյուրների հետաքննության համար, իսկ լիարժեք հետազոտությունների անցկացումը «գրեթե անհնար էր»: Ակնկալվում է, որ այդ փաստաթուղթը կհրապարակվի մարտի 14-ից հետո: