Ամերիկյան ռազմական թղթակից Ջեֆ Յավորսկին հաշվել է ռուսական արտադրության Pantsir-C1 զենիթահրթիռային համակարգերի և թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի քանակը, որոնք ոչնչացվել են Լիբիայում մարտերի ընթացքում: Այդ տվյալները տրամադրում է Avia.pro պորտալը՝ հղում անելով Soha Military հրատարակությանը:
Լրագրողի խոսքով՝ հետաքննության ընթացքում ինքը պարզել է, որ Լիբիայի ազգային բանակի հրամանատար մարշալ Խալիֆա Հաֆթարի՝ ռուսական «Պանցիր»-ով զինված բանակին հաջողվել է ոչնչացնել առնվազն 47 թուրքական Bayraktar: Ըստ Յավորսկիի՝ խոսքը միայն փաստաթղթավորված դեպքերի մասին է, իրականում հնարավոր է՝ ավելի շատ խոցված անօդաչու թռչող սարքերր լինեն: Նա հստակեցրել է, որ այդ կորուստները, գումարային առումով, 245 միլիոն դոլար են:
Միևնույն ժամանակ, 9-ը Pantsir-C1 է ոչնչացվել՝ մոտ 118 միլիոն դոլար արժողությամբ: Յավորսկիի խոսքով՝ լիբիացի զինվորականները շատ ավելի լավ են տիրապետել ռուսական հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերին, քան սիրիացի զինվորականները, և գործել են ավելի պրոֆեսիոնալ:
Մարտի սկզբին հայտնի դարձավ, որ թուրքական Bayraktar-ները զանգվածային հարձակում են իրականացրել ռուսական արտադրության Pantsir-C1 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի վրա, որոնք ծառայում են սիրիական բանակին: Նշվել է, որ 20 թուրքական հարձակվող անօդաչու թռչող սարքեր անմիջապես ներգրավվել են մեկ ռուսական համալիրի դեմ հարձակմանը, սակայն դրանց չի հաջողվել ոչնչացնել գեթ մեկ Pantsir: