Հանրության ընդվզումը հանրակրթական դպրոցներում առարկաների չափորոշիչների ու ծրագրերի նոր նախագծի նկատմամբ ժամ առ ժամ աճում է։ Այդ համապատկերում հայագետները, գրականագետները, պատմաբանները, բանասերներն իրավացիորեն ավելի բուռն են արձագանքել նախարարության հրապարակած փաստաթղթին։ Ի վերջո, նրանց էլ կարելի է հասկանալ․ մասնագիտական խորհրդակցությունների, քննարկումների ժամանակ ոչ ոք նրանց կարծիքը չի հարցրել։ 50-60 տարի սերունդներ կրթած, տասնյակ գրքեր հեղինակած դոկտորներն ու պրոֆեսորներն իրենց անձը կարևորելու խնդիր չունեն, քավ լիցի, բայց մի՞թե կարելի էր կրթական այդքան կարևոր փաստաթուղթը մշակելիս ու կազմելիս այդչափ չկարևորել նրանց կարծիքը։
ԵՊՀ Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պորֆեսոր Սամվել Մուրադյանի ուսանողը լինելու պատիվն եմ ունեցել։ Նրա թողած հետքն ամբողջ կյանքի համար է։ Համալսարանականների միջավայրում ուղղակի հնչեցրեք նրա անունը և կտեսնեք արձագանքը, կզգա՛ք արձագանքը։ Սամվել Մուրադյաններ բոլոր ժամանակներում չեն ծնվում։ Այդպիսի ֆենոմենալ հիշողություն միլիոնից մեկն ունի։ Նա անգիր գիտե ամբողջ հայ գրականությունը։ Գրական ստեղծագործությունների համեմատական այնպիսի վերլուծություն՝ փիլիսոփայական, գեղագիտական համադրություններով, հազարից մեկի ունակությունները կբավականացնեն։ Ապազգային կողմոնորշումներով, գրի սև-սպիտակը չտարբերող մեկի հետ երկու ժամ զրուցի Սամվել Մուրադյանը, նա կսիրահարվի հայ գրականությանը, մշակութային, հոգևոր, ազգային արժեքների պաշտպան կդառնա։
Սամվել Մուրադյանի վրդովմունքն արդարացի է, հիմնավորված, որովհետև ակնհայտ վտանգներ է տեսնում նա, որոնք կարող են խարխլել սերունդների ոչ միայն կրթական ուղիները, այլև աղճատել ազգային նկարագիրը, ինքնության հիմերը։
Մանրամասները՝ տեսանյութում