Ջոն Քաչոյանը (ծնված 1982-ին, Օսթլիում, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա) բազմամրցանակակիր ավստրալացի ռեժիսոր, գրող, սցենարիստ եւ դասախոս է. միջազգային գործունեություն է ծավալում թատրոնում, օպերայում եւ կինոյում: Հղանում եւ հմտորեն կյանքի է կոչում պատմություններ բազմաթիվ ժանրերում եւ ձեւաչափերով: Ջոնը «Ավստրալական թատերախաղեր» կազմակերպության, Վիկտորիա նահանգի կինոյի տաղանդների գրանցման եւ Ավստրալացի գրողների գիլդիայի «Փաթուեյզ» ծրագրի գրական տնօրենն է: Եղել է Մելբուռնիՙ «Կանաչ սենյակ» բազմաթիվ մրցանակակների արժանացած «Էմ Քեյ Էյ նոր գրականության վրա հիմնված թատրոնի» ստեղծագործական համանախագահը եւ գործադիր տնօրենը, նաեւ ավստրալական ազգային «Բել Շեքսպիր» թատերախմբի գլխավոր տնօրենը: Ունի մագիստրոսի կոչումՙ ստացած Խոսքի եւ դրամայի թագավորական կենտրոնական դպրոցից: Դրանից առաջ ուսանել է Ավստրալիայի դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտում, դիպլոմի արժանացել Ավստրալական կինոյի, հեռատեսիլի եւ ռադիոյի դպրոցում սցենարի խմբագրման եւ զարգացման համար: 2007-2012 թվականներին Քաչոյանն աշխատել է Լոնդոնի առաջատար նոր գրականության վրա հիմնված թատրոնների հետ, համահիմնադրել «Այրոն բարք» թատերախումբըՙ լավագույն ավստրալական թատերախաղերը ներկայացնելով Միացյալ Թագավորության հանդիսատեսին: Ավստրալիա վերադառնալուց հետո հիմնել է «Փաբ փլեյս» թատերախումբըՙ ներկայացնելով քիչ ծանոթ ավստրալացի դասականներին: Ջոն Քաչոյանի գրական գործերը լույս են տեսել ավստրալական հեղինակավոր պարբերականներում: Դասավանդել է Խոսքի եւ դրամայի թագավորական կենտրոնական դպրոցում, Սիդնեյի համալսարանում, Վիկտորիական արվեստի քոլեջում, դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտում եւ Մոնաշի համալսարանում:
– Հարգելի Ջոն, ենթադրում եմ, որ աշխարհը հիմնականում տեղյակ չէ ավստրալական դրամատուրգիային: Ավստրալացի թատերագիրները սահմանափակվում են տեղական նյութերով, թե՞ նաեւ դիմում են համընդհանուր թեմաների:
– Ավստրալիան ունի հարուստ (չնայած երբեմնՙ ոչ այնքան հիշվող) դրամատուրգիական ավանդույթ: Իր թատերգությամբ Ավստրալիան հիմնականում «տարուբերվում է» եվրոպական, բրիտանական եւ հյուսիս-ամերիկյան ոճերի միջեւ, եւ մեր գրողները ֆինանսավորում եւ աջակցություն ունենալու դեպքում արծարծում են համաշխարհային կամ համընդհանուր գաղափարներ: Ավստրալական թատերագրությունը համարձակ է, հնարամիտ ու գնալով ավելի բարձր է գնահատվում միջազգայնորեն: Մենք ավելի շատ կապված ենք Ասիայի եւ ամենատարբեր «ձայների» հետՙ ապագաղութացնելու համար մեր թատրոնը: Արվեստներն այստեղ ճգնաժամի մեջ ենՙ ունենալով թշնամական կառավարություն եւ անտարբեր հասարակություն, այնպես որ ստիպված ես պայքարելՙ բարդ կամ դժվար պատմություններ ստեղծելու համար, բայց կարծում եմ, որ դա փոխվում էՙ ճանաչելով այստեղ ձայների բազմազանությունը: Իհարկե, մենք նաեւ ունենք տեղաբնիկների թատերական ավանդույթը, որը նախորդում է եվրոպական ողջ ներկայությանը հազարավոր տարիներ:
– Ի դեպ, ինչպիսի՞ն էր քո համագործակցությունն Ավստրալիայի բնիկ ժողովուրդների հետ:
– Ինձ բախտ է վիճակվել աշխատել Ավստրալիայի տեղաբնիկ երեք ժողովրդի (վուրունդջերի, վադիգալ եւ գուրինգայ) հետ: Ես համագործակցել եմ նրանց բազմաթիվ արվեստագետների հետ ու սովորել եմ նրանցիցՙ թե՛ իմ անմիջական աշխատանքում եւ թե՛ հրատարակելով նրանց գործերն «Ավստրալական պիեսներ» ժողովածուում: Մենք պետք է ավելի շատ լսենք մեր բնիկ ժողովրդին եւ ապաքինենք անցյալի վերքերը:
– Քո կենսագրությունը վկայում է, որ սիրում ես «անտեսված» դասականներին …
– Այո՛: Իմ աշխատանքը ներառում է նաեւ «անտեսված» դասականներին բեմադրելն ու «վերակենդանացնելը»: Կարծում եմ, որ թնդանոթն ավելի հեշտ է կանգուն եւ տեղակայված պահելը: Սիրում եմ գտնել այնպիսի ստեղծագործություններ, որ ունեն իմաստ, ուժ եւ ազդեցություն, բայց մոռացված են կամ թերագնահատված, ու նրանց դեպի կյանք վերադարձնել:
– Պատմի՛ր խնդրեմ Լոնդոնում քո համահիմնադրած «Այրոն բարք» (բառացիՙ երկաթե հաչոց) թատերախմբի մասին: Ավստրալիայի թատերական գործիչների համար սովորակա՞ն է անգլիախոս երկրներում նման ընկերություններ հիմնելըՙ ազգային դրամատուրգիան քարոզելու նպատակով:
– «Այրոն բարքը» իմ եւ գործընկերներիսՙ Զոյե Քալդուելի, Նիկոլա Սամերի եւ Թիմ Նայթլիի զարմանալի միաձուլումն էր: Բոլորս միաժամանակ Լոնդոնում էինք, որտեղ ես սովորում էի, իսկ հետո այնտեղ ապրեցի հինգ տարի: Մենք պարզեցինք, որ նույն կիրքն ենք տածում մեր երկրի պատմությունների հանդեպ եւ ցանկանում ենք այդ բոլոր փայլուն ավստրալական ստեղծագործությունները ծանոթացնել Միացյալ Թագավորության հանդիսատեսին: Հաճելի էր Ավստրալիայում ստեղծված բարձրարժեք աշխատանքը կապել Լոնդոնին: Հաճախ հանդիպում էինք քաղաք ժամանած ավստրալացի գրողների եւ ընդլայնում մեր գիտելիքները մեր թատերագրության ներկա վիճակի վերաբերյալ: Ցավոք, թատերախումբը չի շարունակում իր գործունեությունը, բոլորս անցանք այլ աշխատանքի, իսկ ես վերադարձա Ավստրալիա:
– Հայ Սփյուռքի խճանկարում ավստրալահայ համայնքը կարծես պակաս հայտնիներից է: Խնդրեմ պատմի՛ր քո հայ ընտանիքի մասին …
– Հայրս ծնվել է Եգիպտոսում, վեց տարեկանում ընտանիքի հետ արտագաղթել է Ավստրալիա: Հենց նրա հայրըՙ իմ պապ Արամ Քաչոյանն էր, որը սկզբնապես շարունակում էր կապն արմատների հետՙ պատմելով մեզ Ցեղասպանության մասին, բայց դժվար էր գտնել ուրիշ շատ մանրամասներ, որոնք կորսված են Սփյուռքի մշուշումՙ անհայտ կամ անասելի: Հայրս վերջին տարիներին շատ հետազոտություններ է կատարելՙ կապվելով աշխարհում սփռված իր հարազատների հետ եւ ընդլայնելով տոհմածառը, բայց, ցավոք, այն տակավին չի հասնում ավելի, քան երկու-երեք սերունդը: Ծագմանս շնորհիվ մենք պահպանում ենք մի շարք ավանդույթներՙ փոխառված իմ եգիպտական, իռլանդական, հունական եւ հայկական արմատներից: Իմ շարունակական ցավն է, որ ես շատ քիչ եմ խոսում հայերեն: Զգում եմ, որ մշակութային առումով իմ հայկականությունը հայտնաբերել եմ կյանքիս ավելի ուշ փուլումՙ երաժշտության, երգի եւ պատկերի մեջ: Կարծում եմ, որ որպես երկրորդ սերնդի, ներգաղթյալի զավակ, կարող ենք մեզ թույլ տալ հարցնելու հին երկրի, հին վայրերի մասին: Միգուցե հայրս ու պապս դա չեն արել, բայց խոհանոցն ու ուտեստն է, որ մանկությանս տարիներին ինձ հիմնականում կապում էր Հայաստանի հետ, ինչը հայրիկիս տաղանդներից մեկն է:
– Իսկ երբեւէ մշակութային կամ այլ կապեր ունեցե՞լ ես հայերի հետ քո ապրած երկրներում…
– Այո՛, ու միշտ հիշում եմ Սարոյանի այն միտքը, թե հայերն աշխարհով մեկ գտնում են միմյանց… Պապիկիս կողմը հիմնականում ցրված է աշխարհով մեկ, եւ նախորդ ճանապարհորդություններիս ընթացքում ինձ համար ուրախություն էր նրանց հետ կապ հաստատել Ֆրանսիայում, Կանադայում եւ այլուր: Իմ ուսման մեջ եւ աշխատանքում ինձ աջակցել են ուրիշ հայեր, որոնք ինձ ավելի ճանաչելի են դարձրել իմ ծագումը: Դա կարծես տեղի է ունեցել իմ այցելած յուրաքանչյուր քաղաքում: Ես պարբերաբար լինում եմ Լոս Անջելեսում, որտեղ «Հայաստանն» ավելի շատ է ներկա, քան, անշուշտ, Ավստրալիան:
– Հայկական ազգանուն ունենալն ինչ–որ առանձնահատուկ բա՞ն է քեզ համար:
– Դա ժառանգություն է եւ առնչություն մի հարուստ եւ խորը բանի հետ, թերեւս նաեւՙ ինչ-որ թախիծ, որ հայերը կրում են իրենց մեջ, ինչը միշտ խոսակցության սկիզբ է, հատկապես Ավստրալիայում: «Որտեղի՞ց է քո անունը»… Որպես արվեստագետ որքան աճել եմ, այնքան իմ աշխատանքի մեծ մասը սկսել է վերաբերել հիշողությանը, ճշմարտությանը եւ անցյալի վերքերին: Այնպես որ իմ ազգանվան մեջ ժառանգությունն է առկա: Իմ արվեստում ես ինձ հայ եմ զգում:
– Դու բեմականացրել ես Ջոան Լոնդոնի «Գիլգամեշ» վեպը, որտեղ անցում է կատարվում Ավստրալիայից դեպի Խորհրդային Հայաստան: Հետաքրքրական կլինի ավելին իմանալ այս ծրագրի մասին ու նաեւՙ եթե ունեցել ես այլ հայկական ոգեշնչումներ:
– Ես պաշտում եմ այդ վեպը, իմ տարբերակը ներկայումս հարմարեցվում է հեռատեսիլին: Գործողությունները կատարվում են 1930-ականների Ավստրալիայում, տեղացի մի աղջիկ հղիանում է հայ ճանապարհորդ Արամ Սինանյանից եւ ծննդաբերելուց հետո որոշում է լքել Ավստրալիան ու փորձել գտնել նրան նախքան Երկրորդ աշխարհամարտի բռնկումը: Արամն իր ողջ ընտանիքը կորցրել էր Ցեղասպանության ժամանակ, ուստիեւ վեպում քննվում են վշտի լարերը, երեխայի եւ ծնողի միջեւ ժառանգականության հարցը եւ մահվան արձագանքի որոնումները: Ես շատ եմ սիրում նաեւ գլխավոր հերոսուհունՙ Էդիթին, այդ «հասարակ» ավստրալացի գյուղացի աղջկան, որը հայտնվում է տարօրինակ եւ «օտար» Հայաստանում: Այն առնչվում է ճամփորդությունների հանդեպ իմ ցանկությանն ու անհայտ հայրենիքի հանդեպ ունեցած իմ կարոտին: Ավստրալիան եւ Հայաստանըՙ այնքան կատարյալ ինձ համար…
– Այսօր Հայաստանը կրկին հայտնվել է իր ահաբեկիչ հարեւանների թիրախում… Ի՞նչ արձագանքներ եղան Ավստրալիայում եւ ավստրալահայերի մեջ:
– Ավստրալիայի արձագանքն անկանոն էր: Հաղորդված մի քանի լուրը մեծ մասամբ «երկու կողմերի» հաղորդման ոճի էր: Լուրերի թողարկումներում մեկ-երկու հայ բացատրեցին իրավիճակը, ոմանք էլ մասնակցեցին դրամահավաքին: Պատերազմն այնքան հեռու է թվում, ինչը դժվարեցնում է որոշակի վերաբերմունքը: Իսկ մի անգամ ես ստիպված էի զանգահարել մի մեծ ռադիոկայանՙ շտկելու համար «Արմենիա» բառի նրանց արտասանությունը…