Այսօր ժամը 15:00-ին «Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում: Չնայած եղանակային վատ պայմաններին, մեծ թվով մարդիկ էին մասնակցում հանրահավաքին՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ազատության հրապարակում ելույթներով հանդես եկան շարժման կազմակերպիչները, ապա ակցիայի մասնակիցները միաժամանակ փակեցին Կենտրոն վարչական շրջանի գրեթե բոլոր փողոցները: Ակցիայի մասնակիցների մի մասը Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի քաղաքապետարան, ապա Ագաթանգեղոսի փողոցով քայլերթով հասան Տիգրան Մեծի փողոց ու քայլերթը ավարտեցին Կառավարության շենքի դիմաց, որտեղ Վազգեն Սարգսյան փողոցից նրանց միացան ակցիայի մյուս մասնակիցները: Այստեղ էլ ելույթներ ունեցան ակցիայի մասնակիցները: Վերջում՝ եզրափակիչ ելույթ ունեցավ «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը, նշելով, որ երկուշաբթի օրվանից սկսվելու են անհնազանդության ակցիաները:
Լուսանկարներ` քայլերթից



















