Կինոբեմադրիչ, դերասան, հետազոտող եւ գրող Ռուբեն Գինին (Գասպարյան) սկսել է կինոնկարներ նկարել 5 տարեկանից: Նրա առաջին 8 մմ-ոց ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի մանկական կինոփառատոնում: Դպրոցն ավարտելուց առաջ հաճախել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ: 2002 թվականին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (ՎԳԻԿ): Կրտսեր օգնականն է եղել այնպիսի ռուս ռեժիսորների, ինչպիսիք են Նիկիտա Միխալկովը եւ Իգոր Մասլեննիկովը: 2005-ին տեղափոխվել է Չինաստան, որտեղ որպես գեղարվեստական ղեկավար անդամակցել է «Կուիյու արտադրական տուն» միջազգային գովազդային ընկերությանը: Այս ընթացքում նկարահանել է ավելի քան 15 գովազդային հոլովակ այնպիսի միջազգային ընկերությունների համար, ինչպիսիք են «Պանասոնիկը», «Ասահինը», «Մքդոնալդսը», «Շիսեյդոնը», «Հոնդան» եւ «Տոշիբան»: 2010 թվականից Ռուբենը մասնակցել է մի շարք չինական հեռուստասերիալների եւ գեղարվեստական կինոնկարների արտադրությանը: Նա «Նեշընըլ ջեոգրաֆիքի» անկախ լուսանկարիչ է եւ մի շարք գիտական հոդվածների հեղինակ: Ֆիլմերից ենՙ «Սեւ խավիար» (1999), «Ստորին խորքեր «(2003), «Էռնան դյու Սթրուբերգ» (2005), «Համազգային մշակութային ֆորումը» (2008), «Աշխարհի քաղաքներ. Շանհայ» (2008), «Անդին. հայկական ճանապարհորդության տարեգրություններ» (2014): 2016-ին Երեւանում հրատարակել է հոդվածների ժողովածու (ռուսերեն)ՙ հայ-չինական միջնադարյան պատմական աղերսների վերաբերյալ: Վերջերս ՀՀ ԳԱԱ «Բանբեր հայագիտության» գիտական հանդեսում լույս տեսավ Ռուբեն Գինիի «Դոն Պեդրոյիՙ Սահրատի որդու գործը» ռուսերեն ուսումնասիրությունը, որը ներկայացնում է 18-րդ դարում մի հայի նկատմամբ հարուցված գործը Մեքսիկայումՙ այդ երկրի Ազգային արխիվում գտնվող նյութերի հիման վրա…
– Սիրելի՛ Ռուբեն, մեր ընկերությունը սկսվեց հայ–չինական պատմական հարաբերությունների հանդեպ մեր ընդհանուր հետաքրքրության շնորհիվ, ուստի մեր զրույցը սկսենք այդ կետից: Ինչպե՞ս հայտնվեցիր Չինաստանում, ի՞նչ տվեց քեզ Չինաստանը:
– Ասում են, թե Չինաստանում կա երկու տեսակի օտարերկրացի. նրանք, ովքեր եկել էին որոշակի նպատակով, եւ այնպիսիք, որոնք պատահաբար են հայտնվել այնտեղ: Ենթադրում եմ, որ ես պատկանում եմ երկրորդ խմբին: Շատ տարիներ առաջ ես եկա մայրցամաքային Չինաստան կարճամետրաժ գեղարվեստական կինոնկար նկարահանելու համարՙ որպես համալսարանական աշխատանքի մի մաս, եւ Շանհայում հանդիպեցի մի խոշոր առեւտրային ընկերության տնօրենի: Պարոն Յանսանը կարճ զրույց ունեցավ ինձ հետ եւ ինձ հրավիրեց աշխատել իր հետ: Կարծում էի, թե նա կատակում է, քանի որ ես ընդամենը 18 տարեկան էի, բայց պարոն Յանսանը բավական լուրջ էր: Վերադարձա Մոսկվա, եւ մի քանի ամիս անց որոշեցի տեղափոխվել Չինաստան: Այդ ժամանակ Չինաստանում ոչ ոքի չէի ճանաչում, չինարեն չէի խոսում, իմ անգլերենը նույնպես բավականաչափ լավ չէր: Բայց երիտասարդ էի ու համարձակ: Հիմա խոսում եմ չինարեն, բայց վախենում եմ, որ առաջվա պես համարձակ չեմ: Չինաստանն ու չինական մշակույթը ինձ հնարավորություն են տվել հասկանալու Արեւելքի ոգին: Ես մեծացել եմ Շանհայում եւ յուրացրել եմ կյանքի վերաբերյալ ասիական հայացքները: Որպես հայ ես արտահայտում էի իմ հույզերը, զայրույթ կամ դժգոհություն ցուցաբերում ոմանց նկատմամբ, բայց Չինաստանում այս բոլոր արտահայտությունները համարվում են թուլություն: Սկզբում լավ չէի ըմբռնում, բայց տարիների ընթացքում վերջապես կարողացա հասկանալ, թե ինչպես պետք է ճիշտ վարվել այդ հասարակության մեջ: Եվ կարգապահությունը: Չինաստանում կարգապահության բարձր արժեքը ինձ ստիպեց է՛լ ավելի կազմակերպված եւ լուրջ վերաբերվել որոշ բաներիՙ հատկապես աշխատանքի եւ կրթության ոլորտում: Իսկապես շնորհակալ եմ այդ հատկությունների համար, որոնք Չինաստանը սովորեցրել է ինձ:
– Շատերը կցանկանան իմանալ. ինչո՞ւ այս անունըՙ Գինի:
– Չինական մշակույթում անունները հաստատուն չեն: Որոշ մարդիկ իրենց կյանքի ընթացքում մի քանի անգամ փոխում են իրենց անունը: Իմ դեպքում կինոյի կանոններն իրենցը թելադրեցին, երբ չինական հիերոգլիֆները չկարողացան տառադարձել իմ հայկական «Գասպարյան» անունը: Դրա համար պահանջվում էր չորս կամ հինգ չինական գաղափարագիր, երբ չինական անունները սովորաբար օգտագործում են ընդամենը երեքը: Ես ստիպված էի համապատասխանաբար փոխել իմ անունըՙ կարողանալու համար ընդգրկվել չինական կինոարդյունաբերության մեջ: Մարդիկ չպետք է զարմանան, որ չինական որոշ իշխանություններ, անգամ ոստիկանությունը, օտարերկրացիներից պահանջում են չինական անուններ վերցնել: Դա միանգամայն օրինական է: Այդպիսով ծնվեց Ռուբեն Գինին:
– Հայերեն «գինի» բառի հետ կապը դիտավորյա՞լ էր:
– Ես ուզում էի պահել իմ սկզբնատառերը ու փորձեցի չկորցնել կապը հայրենիքի հետ նույնիսկ անվան մեջ:
– Մինչ այժմ քո ամենից նշանակալից կինոնախագիծը եղել է «Անդին. հայկական ճանապարհորդության տարեգրություններ» ֆիլմը, որը հայկական ներկայության պատմությունն է Հեռավոր Արեւելքում վաղ միջնադարից մինչեւ 1800-ականների սկիզբը: Դա հայոց պատմության վերաբերյալ աննախադեպ վավերագրական ֆիլմ է, որը նկարահանեցիր 11 երկրներում: Պատմի՛ր խնդրեմ քո այդ մեծ «արկածախնդրության» մասին:
– Երկար տարիներ անցկացնելով Չինաստանումՙ ես հանդիպում էի աշխարհի այս անկյունում հայկական ներկայության վերաբերյալ զարմանալի վկայությունների: Մի անգամ հոդված կարդացի այն օտարերկրացիների մասին, որոնք հայկական հագուստով էին մուտք գործում Չինաստանՙ Մինգ հարստության ժամանակաշրջանում: Ավելի ուշ իմացա, որ Շանհայի կենտրոնական զբոսայգում կա մի հնգամյա հայ տղայի տապանաքար: Ոչ ոք չէր կարող բացատրել այդ տապանաքարի հիմքում առկա պատմությունը, ոչ ոք չգիտեր, թե ով է եղել այդ փոքրիկ տղան եւ ինչու է մահացել այդքան կանուխ: Ավելի ուշ իմացա Սյիան թանգարանում պահպանված հայտնի նեստորական հուշակոթողի մասին, որի վերին մասում պատկերված է զուտ հայկական կենաց ծառՙ սուրբ խաչ: Այս ամենն դրդեցին հնարավորինս ամեն բան պարզել Չինաստանում ապրած հայերի մասին:
Բառացիորեն ամեն ինչ, ամեն մի տեղեկություն: Այդ գաղափարն ինձ համար մտասեւեռում դարձավ, եւ հաջորդ երկու տարիները ես անցկացրի բազմաթիվ գրադարաններում, արխիվներում, մասնավոր հավաքածուներում: Ես հանդիպեցի հարյուրավոր հետաքրքրական մարդկանց ամբողջ աշխարհում, որոնք ինչ-որ կերպ կապված էին այս թեմայի հետ: Հանդիպեցի պրոֆեսոր Արմեն Բայբուրթյանին, որն այժմ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսն է, պրոֆեսոր Ինա Մաքքեյբին եւ Էդմունդ Հերցիգին, երկուսն էլ Նոր Ջուղայի առեւտրային ցանցի եւ Նոր Ջուղայի հայոց բարբառի մասնագետներ: Ես ճաշեցի լեգենդար պրոֆեսոր Ալեքսանդր Վանգ Ճի Չենգի հետ, որն իր ամբողջ կյանքն անց է կացրել Հյուսիսային եւ Կենտրոնական Չինաստանում ռուս եւ հայ ներգաղթյալների կյանքն ուսումնասիրելով: Ավելի ուշ ծանոթացա երկու հիանալի տիկնանց հետՙ Լիզ Չաթըրի, որը հայտնի Փոլ Չաթըրի հեռավոր ազգականն է, եւ Նադյա Ռայթի, որը Սինգապուրի եւ Մալայզիայի հայերի մասին մի գիտական հատորի հեղինակ է: Այս բոլոր հանդիպումների նպատակը հիմնականում այդ մարդկանց փորձը կլանելն էր, քանի որ, ինչպես նկատեցի, շատ մասնագետներ նախընտրում են աշխատել միմյանցից առանձին: Բայց վերջնական արդյունք հնարավոր եղավ ստանալ միայն ամեն ինչ իրար կապելու շնորհիվ: Սա շատ հետաքրքրական ժամանակահատված էրՙ նյութեր, գրքեր, քարտեզներ, պատկերներ հավաքելու համար: Վերջին ինը տարիների ընթացքում ես հավաքել եմ երեք միլիոն թվային եւ ֆիզիկական տվյալներ Հայաստանի պատմության վերաբերյալ Չինաստանում, Հնդկաստանում եւ Հարավ-Արեւելյան Ասիայում: Միայն «Անդին» ֆիլմի լուսանկարների արխիվը պարունակում է շուրջ 60 հազար լուսանկար, որոնք 2014 թվականից մինչ այժմ չեմ հասցրել դիտել եւ մշակել:
Բուն «արկածախնդրությունը», անշուշտ, սկսվեց, երբ սկսեցի նկարահանումները 2012-ի սկզբին: Երեք տարի ես եւ իմ նկարահանող խումբը այցելեցինք 11 տարբեր երկիր, այդ թվումՙ Հնդկաստան, Տիբեթ, Չինաստան, Հայաստան, Մեքսիկա, Ղրղզստան, Ռուսաստան, Ֆրանսիա: Դա եւս մեկ հսկայական քայլ էր այս ծրագրի իրականացման մեջ: Ես շատ հպարտ եմ, որ մենք կարողացանք ֆիլմն ավարտել որոշ ակադեմիական հրատարակություններով եւ արժեքավոր գտածոներով, ինչպիսիք են 1323 թվականով թվագրված հայատառ մի տապանաքար: Ի վերջո, «Անդին» վավերագրության կինոտարբերակը ցուցադրվեց տարբեր երկրներում, բայց սերիալը երբեք չի թողարկվել: Եվ նյութերի մեծ մասը երբեւէ չի ցուցադրվել:
– Կատարածդ վիթխարի հետազոտական աշխատանքը քեզ այս ոլորտի մասնագետ դարձրեց: Շարունակելո՞ւ ես թեման:
– Պիտի խոստովանեմ, որ կինոռեժիսոր լինելն իմ միակ ցանկությունը չի եղել: Վաղ մանկությունից կիրք եմ ունեցել ոչ միայն կինո ստեղծելու, այլեւ հնագիտության ու պատմության հանդեպ: Երբեմն մարդիկ չեն հասկանում, թե ինչպես կարող եմ միաժամանակ լինել խաղարկային կինոյի բեմադրիչ, շոումեն եւ մասնագետ պատմաբան: Բայց կյանքիս ընթացքում տարբերակները բաց եմ պահում, եւ այստեղ ես իսկապես որեւէ հակասություն չեմ տեսնում: Եթե զբաղված չեմ կինոյում, նախընտրում եմ շարունակել իմ հետազոտությունները: Մշակութային փոխանակումը, Մետաքսի ճանապարհի պատմությունը, Չինաստանի վաղ քրիստոնեությունը եւ առեւտրի պատմությունը կազմում են իմ ուսումնասիրությունների հիմնական առանցքը: 2020 թվականը բավականին ծանր տարի էր կինոոլորտի համար ամբողջ աշխարհում, ուստիեւ պատրաստվում եմ հրատարակել հայ-չինական հարաբերությունների մասին իմ նոր գիրքը:
– Դու խաղացել ես որոշ չինական ֆիլմերում: Ենթադրում եմ, որ չինախոս եվրոպացի դերասանները մեծ պահանջարկ ունեն Չինաստանում:
– Ինչպես աշխարհի շատ կինոգործիչներ, չինական կինոն նույնպես օտարերկրացիների կարիք ունի էկրանին: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է պատմական կերպարներին, ինչպիսիք են Ռիխարդ Զորգեն, Ստալինը: Երբեմն օտարերկրացիները ստանում են երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամերիկացի զինվորների դերեր կամ խաղում են 20-րդ դարի առաջին քառորդում Չինաստանում գտնված սպիտակգվարդիականների դերեր: Մի քանի նման դերեր եմ կատարել, մարմնավորել եմ վրացի կոմունիստ Վիսարիոն Լոմինաձեին «Քամիներն ու ամպերը 1927-ին» չինական նկարում: Դա զվարճալի էր, եւ ամենից շատ ես հասկացա, որ դերասան լինելը մի ցնցող հնարավորություն էՙ էկրանին ստեղծելու համար կերպար, մարդՙ քո իսկ կյանքի փորձից ու ցավոտ հիշողություններից:
Բայց ամենից առաջ, որպես ռեժիսոր, ես իմացա, թե որքան կարեւոր է դերասաններին նկարահանման հրապարակում ավելի շատ ազատություն տալ: Դրանից առաջ ես բռնակալ ռեժիսոր էի, հիմա ավելի լսող տեսակի եմ:
– Լինելով գրողների ընտանիքիցՙ հայտնի հայ արձակագիր Ռուբեն Հովսեփյանի թոռը եւ «Նորք» գրական ամսագրի գլխավոր խմբագիր Լիլիթ Հովսեփյանի որդին, զարմանալի չէ, որ դու նույնպես գրում ես, թեեւՙ ռուսերեն, գործերդ էլ թարգմանվել են հայերեն, չինարեն ու անգլերեն: Ի՞նչն է հուզում գրող Ռուբեն Գինիին:
– Ժամանա՛կը: Ժամանակն ինքնին: Անհատի, մարդու էվոլյուցիանՙ մանկությունից մինչեւ ծերություն: Ենթադրում եմ, որ ժամանակը յուրաքանչյուր վայրկյան հրեշավոր ազդեցություն է թողնում մեզ վրա: Միեւնույն ժամանակՙ երբեք չենք կարող որսալ պահը: Մեկ վայրկյանը կարող է կործանարար լինել, հինգ րոպեն կարող է ստեղծել մի հիանալի գաղափար, որը կարող է փոխել աշխարհը կամ կարող է ավելի լավը դարձնել աշխարհը կամ ոչնչացնել ամբողջ քաղաքը: Հիշում եմ այն մարդու կերպարը, որը բառացիորեն մեկ վայրկյանում բնաջնջվեց Հիրոշիմայում, երբ ատոմային ռումբն ընկավ քաղաքի վրա: Մարդն անհետացավ, գետնին մնաց միայն անորոշ ստվեր: Դա այն հազվագյուտ պահն է, երբ կարող ես «բռնել» ժամանակը, տեսնել դրա կործանարար ուժը: Մեզնից շատերը խուսափում են մտածել այս կործանարար ուժի մասին: Այն գտնվում է մեր հոգում, գուցե քնելուց առաջ, երբ մութ սենյակում մեր գլուխը դնում ենք բարձին կամ այն պահին, երբ հարազատ մեկն է անսպասելի մահանում: Եվ մեզանից յուրաքանչյուրն ի վերջո գիտակցում է, որ դրանից երբեք չի խուսափի: Այս գիտակցումը ես ունեցել են արդեն մանկության տարիներին, որը թույլ է տվել ինձ բոլորովին այլ կերպ ընկալել աշխարհը եւ իմ աշխատանքը: Ես խորապես մտահոգված եմ ժամանակի խնդրով, գուցե այդ զգացմունքները համահունչ են կինոյի եւ պատմության իմ ընկալումներին: Գոնե մի փոքր ավելի երկար «բռնել» պատմությունըՙ փորձելով լուսանկարել խցիկի միջոցով: Ինձ համար թե՛ տեսախցիկը, թե՛ գրողի գրիչը պատմություն ստեղծելու համար են, ոչ ավելին: Տարբեր գործիքներՙ մեկ նպատակով. փորձՙ մուտք գործելու հանդիսասրահ կամ ընթերցողի սիրտը: Ստիպե՛ք նրան լսել ձեզ, վստահել ձեզ եւ հետեւել ձեզ: Եվ երբեք մի՛ հուսահատեցրեք նրան:
– Դու շատ ակտիվ էիր Հայաստանի վերջին պատերազմի ժամանակ օգնություն կազմակերպելու գործում…
– Պատերազմի անսպասելի բռնկումից հետո Չինաստանում բնակվող բոլոր հայերը ցանկություն հայտնեցին օգնել: Որպես Չինաստանի հայ համայնքի «Չայնահայ» միության խորհրդի անդամՙ ես եւ իմ գործընկերներն անմիջապես գործի անցանք: Մեկ օրվա ընթացքում համայնքի խորհուրդը կազմակերպեց դրամահավաք «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղարկելու համար: Գիտակցելով, որ մենք ապրում ենք աշխարհի ամենաարդյունավետ երկրներից մեկում, մենք սկսեցինք առաջին անհրաժեշտության իրեր հավաքել ռազմաճակատի եւ բանակի համար: Առաջին երկու բեռները միանգամից ուղարկվեցին: Չինաստանում յուրաքանչյուր հայ եւ մեր չինացի հարազատներն ու ընկերները խորապես մտահոգված են այն ամենով, ինչ այժմ կատարվում է Արցախում եւ Հայաստանում: Մենք բոլորս միասին ենք:
– Քո անհանգիստ բնությունը պետք է որ քեզ մղի դեպի այլ գործեր:
– Կան որոշ բաներ, որոնք ինձ միշտ հետաքրքրել են, օրինակՙ սնկաբանությունը: Տարիներ շարունակ ես իմ սենյակներից մեկը վերածել էի տնային լաբորատորիայի, եւ ժամանակ առ ժամանակ շարունակում եմ հետազոտություններ այդ ոլորտումՙ համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ: Սնկերը եզակի օրգանիզմ են մեր մոլորակի վրա, հատկապես բորբոսասունկը, որը քիչ է ուսումնասիրվել անգամ 21-րդ դարում: Այս օրգանիզմները եւ դրանց թունավոր միացությունները կարող են, օրինակ, հսկայական քանակությամբ նոր տեսակի դեղեր ապահովել: Այսպիսով, գիտական հետազոտությունների արդյունքում ձեռք բերված փորձն արտացոլվում է ստեղծագործության մեջ: Ինձ միշտ հիացրել են գիտական կրթություն ունեցող գրողներն ու կինոգործիչները, քանի որ դա աննախադեպ իրատեսություն է փոխանցում նույնիսկ ամենաֆանտաստիկ ստեղծագործություններին: