Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում գնդակոծում է քրդական զինված կազմավորումների վերահսկողության տակ գտնվող դիրքերը: Վերջին տեղեկություններով թուրքական զորախումբը ծանր սպառազինություն է օգտագործում Ալ Արիմախ բնակավայրի շրջանը գնդակոծելու համար, որը գտնվում է Հալեպի նահանգի Էլ Բաբայից հյուսիս-արեւելք, հայտնում է «Վոյեննոյե օբոզրենիեն»:
Սիրիայի այս տարածաշրջանի քրդական վարչակազմը հայտնում է, որ թուրքամետ գրոհայինները փորձում են իրենց վերահսկողության տակ վերցնել Էլ Բաբայի եւ Մանբիջի միջեւ տեղակայված Մ4 կարեւոր ավտոճանապարհի հատվածը:
Քրդական վարչակազմի ներկայացուցիչների պնդմամբ այդ գործում նրանց փորձում են օգնել թուրքական զորքերը:
Այս ֆոնին հայտնի է դարձել, որ որոշվել է անորոշ ժամանակով փակել Սիրիայից Թուրքիա Բաբ էլ Հավա անցակետը: Այն գտնվում է Իդլիբից հյուսիս-արեւմուտք եւ թուրքական զորքերի կողմից առավել ակտիվ է օգտագործվում անձնակազմի, ռազմական տեխնիկայի, վառելիքա-քսուքային նյութերի եւ ռազմամթերքի տեղափոխման համար:
Վերջին տեղեկություններով անցակետի ժամանակավոր փակման պատճառն այն է, որ Թուրքիայի սահմանամերձ շրջանում մտցվել է պարետային ժամ: Պարետայիրն ժամ մտցնելու հավանական պատճառ է նշվում «Թուրքիայում հակակառավարական զինված ջոկատների ակտիվությունը»: Հնարավոր է, որ խոսքը Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության զինված թեւի ներկայացուցիչների մասին է, որոնք վերջին մի քանի օրերին Թուրքիայի հարավում եւ հարավ-արեւելքում իրականացրել են մի քանի ռազմական օբյեկտների վրա հարձակումների փորձեր»,- նշում է «Վոյեննոյե օբոզրենիեն»:
News.am