Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «հայերը հին կովկասյան Աղվանքի եկեղեցիները վերածել են հայկական եկեղեցիների»:
Интерфакс-ի ադրբեջանական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին Ալիևն ասել է Իսլամական կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ԻԿԵՍԿՕ) ղեկավար Սալիմ բեն Մուհամեդ ալ Մալիքիի հետ հանդիպման ժամանակ:
«Նրանք աշխարհի տարբեր անկյուններից հայկական ծագմամբ մարդկանց բերել ու տեղավորել են Ադրբեջանի պատմական տարածքներում, ներառյալ՝ Շուշի քաղաքում: Նրանք փոխել են մեր քաղաքների և գյուղերի անունները և նույնիսկ՝ քրիստոնեական կրոնական հուշարձանների ծագումը: Նրանք փոխեցին քրիստոնեություն դավանող հին ուդիների կրոնական ժառանգության ակունքները: Նրանք հին կովկասյան Աղվանքի եկեղեցիները վերածել են հայկական եկեղեցիների: Այսպիսով՝ նրանք շատ հանցավոր գործողություններ են կատարել»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
«Վնասի գնահատման գործընթացն արդեն սկսվել է: Հայտնի միջազգային ընկերությունների միջոցով կկատարվի նյութական, մշակութային, բարոյական և բնապահպանական վնասների համապարփակ գնահատում, ինչը թույլ կտա Հայաստանին բերել միջազգային դատարաններ»,- ասել է Ալիևը:
Yerkir.am