«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ պատրաստ է հանդիպել միայն այն դեպքում, եթե նա ցանկանա քննարկել իր հրաժարականի եւ իշխանությունն անցում փոխանցելու հարցը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը
«Մենք չունենք այն օրակարգը, որով պետք է հիմա հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Եթե Փաշինյանն առաջարկի քննարկել իր հրաժարականի եւ իշխանությունն անցում փոխանցելու հարցը, կարծում եմ՝ մենք կհանդիպենք, բայց այդպիսի առաջարկ մենք չենք ստացել։ Անթույլատրելի է նման քաոտիկ վիճակում ընտրությունների գնալը, մենք ամեն ինչ անելու ենք, որ դա չլինի։ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, որ ցանկանում է հանդիպում։ Քանի որ հիմա մեր օրակարգում չկա արտահերթ ընտրություն, մենք պահանջել ենք նրանից հրաժարական, որի դեպքում կձեւավորենք նոր կառավարություն՝ միայն պրոֆեսիոնալների կազմով, երկիրը կկայունացնենք եւ նոր միայն կգնանք ընտրությունների։ Ակնհայտ է, որ այսօր, երբ անգամ խորհրդարան մտնող պատգամավորների անվտանգությունը կառավարությունը չի կարողանում ապահովել, անհեթեթ է խոսել ընտրությունների մասին։ Այս քաոտիկ վիճակը վտանգավոր է պետականության համար, որովհետեւ այն, ինչ մեկ երեկ տեսանք Ազգային ժողովի մոտ, կարող ենք տեսնել ամեն գյուղում ամեն համայնքում»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը։
News.am