Կյանքից հեռացել է ջութակահար, Արցախյան ազատամարտի վետերան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Շիրինի Բաբայանը:
Արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում ավտոմատն ու սիրելի ջութակն են եղել արվեստագետի մշտական ուղեկիցը: Իր ջութակի նվագով տղաներին ռազմի դաշտ էր ճանապարհում, իսկ հետո արդեն՝ նվագում մեր նահատակների շիրիմներին՝ հավերժացնելով նրանց հիշատակը:
«Երբ զգացմունքներս ու հիշողություններս շատ են ճնշում, գնում եմ եղբայրական գերեզման կամ Եռաբլուր: Նվագում եմ, լաց լինում, թեթեւանում: Գիշերներն եմ նվագում, որ մարդիկ շատ չհավաքվեն. ընկերներիս շիրիմին նվագելն ինձ համար հարգանքի տուրք է, բայց նաեւ անձնական է»,- հարցազրույցներում մեկում ասել է «ջութակահար Բորյան»:
Մշակույթի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար նա արժանացել է Արցախի «Երախտագիտություն» մեդալի:
Yerkir.am