Շաբաթ, 22 Օգոստոս, 2026

Մեծամորի ատոմակայանի uպառնալիքների մասին կեղծ պնդումները փորձ են ռուս-հայկական հարաբերություններում անհամաձայնություն սերմանելու․ Զախարովա

Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ-ի վերաբերյալ՝ տարածաշրջանում անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու մասին պնդումներն ընկալում է որպես Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ, շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նմանատիպ տեղեկատվական հնարքները մենք ընկալում ենք որպես այս ոլորտում ռուս-հայկական համագործակցության մեջ պառակտում մտցնելու, Ռուսաստանի մասնակցությամբ նախաձեռնությունների զարգացմանը խոչընդոտելու փորձեր։ Բացի այդ, դրանք դիտվում են որպես տարածաշրջանի համար իսկապես ապակառուցողական արևմտյան նախագծերի և տեխնոլոգիաների առաջխաղացմանը նպաստող քայլեր, որոնք, այդ թվում՝ անվտանգության տեսանկյունից, զգալիորեն զիջում են ռուսականներին», – նշվել է Զախարովայի՝ լրատվամիջոցների համապատասխան հարցին տված պատասխանում։

Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ Մեծամորի ատոմակայանը «հանրապետության էներգահամակարգի համակարգաստեղծ տարր է, արտադրում է էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը»։

«Մատչելի էլեկտրաէներգիայի կայուն արտադրությունը Հայաստանին երկար տարիներ հնարավորություն է տալիս զարգացնել արդյունաբերությունը, ապահովել տեխնոլոգիական առաջընթաց։ Ժամանակակից աշխարհում, հատկապես էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելու հարցում մի շարք եվրոպական երկրների անհաջող փորձի ֆոնին, խաղաղ ատոմը ինքնիշխանության և էներգետիկ անվտանգության գործոններից մեկն է։ Սեփական ԱԷԿ փակումը ոչ մի բանի չի հանգեցնի, բացի նրանից, որ կուժեղացնի պետության կախվածությունն այլ երկրներից էներգետիկ ոլորտում», – հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա ընդգծել է, որ կայանի հուսալիությունը հաստատում են նաև ԱԷՄԳ-ում. 2022 թվականի հոկտեմբերին գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, որն այցելել էր կայան, «ընդունել է, որ ձեռնարկվել են բոլոր միջոցները միջուկային և ֆիզիկական անվտանգության բարձրացման համար»։

Զախարովան հիշեցրել է, որ «այժմ ռուս և հայ մասնագետների կողմից իրականացվում է միջոցառումների համալիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը կրկին երկարաձգելու համար»։

Կիսվել