Երեխայի ծննդյան օրը մոր հետ տեսակցելը մեծ շռայլություն դարձնելու «նուրբ արվեստը»

Արեգնազ Մանուկյանն այսօր տեսակցություն կունենա դստեր հետ. հայտարարեց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը Արեգնազ Մանուկյանի՝ դստերը տեսակցելու մասին գրել է.
«Վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո միայն այսօր` երեխայի ծննդյան օրը, առավոտյան քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ:
Տեսակցությունը դեռ տեղի չի ունեցել, տիկին Մանուկյանն էլ տեղյակ չէ:»
Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման մասին Տաթև Սողոյանը նշել է.
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը։
Անցնող մեկ ամսում, երբ խոսում էի Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման բողոքարկումից և դրա ձգձգումից, մտքում միշտ պահել եմ համակարգի անզգույշ թերացումների ու պատահականությունների հավանականությունը: Բայց այսօր այդ բոլոր կասկածները ցրվեցին. մենք իրապես գործ ունենք մարդկային փոքրոգի վնասարարության հետ:
Արեգնազի` իր երեխայի և մոր հետ շփվելու արգելքը այնքան ակնհայտ ապօրինություն էր, որ դա արդարացնել դժվարանում են անգամ ամենամարզված իշխանավորները: Երբ ՀՈւԼԻՍԻ 17-ին ուղարկվում էր վերաքննիչ բողոքը, անկեղծ վստահ էի, որ չնայած բոլոր քաղաքական հրահանգներին առնվազն երեխայի հետ շփման արգելքը վերացվելու են մինչև երեխայի ծննդյան օրը` օգոստոսի 19-ը: Պարզվեց` սխալվում եմ:
Երկար-բարակ չպատմեմ. ես գրեմ, դուք զգացեք այն մարդու զայրույթը, ով երեխային վստահեցրել էր` շատ շուտով կխոսի նորից մայրիկի հետ:
Ուրեմն ի՞նչ է անում իրավախախտ համակարգը` կնոջը ամեն գնով կալանքի տակ պահելու համար.
1. Դատավոր Շահվերդյանը բողոքը ստանալուց հետո 9 օր ՉԻ ՈւՂԱՐԿՈւՄ վարույթի նյութերը.
2. ԱԱԾ հսկողության ներքո գործող «Հատուկ կապ» ՓԲԸ -ն ևս 8 օր ՉԻ ՈւՂԱՐԿՈւՄ նյութերը վերաքննիչ դատարան.
3. Ի վերջո, օգոստոսի 5-ին մակագրված բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերոնշյալ հատուկ կապուղիների պատճառաբանությամբ արդեն 13 օր է պաշպանության կողմը ՉԻ ՍՏԱՆՈւՄ.մենք չգիտենք` երբ պիտի ունենանք վերաքննիչ ատյանի որոշում!!!
4. Այսօր քննիչը հայտարարում է նախաքննության ավարտ, որպեսզի գործն արագ ուղարկեն դատարան: Այսինքն, եթե հակառակ նշած դանդաղկոտությանը առաջին ատյանը մոտ օրերին վարույթ ընդունի գործը, ապա ամենայն հավանականությամբ վերաքննիչ դատարանը «կաշկանդված կզգա» փոփոխել Արեգնազ Մանուկյանի կալանքը: Կալանքի վերանայնան իրավունքը պետության միջամտությամբ կդառնա իմաստազուրկ:
Հավաքեմ մտքերս, գնամ աղջնակի ծնունդը շնորհավորելու ու փորձեմ բացատրել` ինչո՞ւ սխալվեցի իմ կանխատեսումներում. ինչո՞ւ մաման այսօրր իր կողքին չէ։
