Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով․ Կրեմլ

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցման հնարավորությունը մարտական շփման ներկայիս գծով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն բացառում է դա», — «Վեստի» տեղեկատվական համակարգին տված մեկնաբանությունում ասել է Ուշակովը:
Ռուսական կողմը նախկինում ևս բազմիցս հայտարարել է, որ ռազմական գործողությունների դադարեցումը ռազմաճակատի ընթացիկ գծով չի դիտարկում որպես կարգավորման տարբերակ: Մոսկվայում նաև նշել են, որ հակամարտության ավարտի պայմաններից մեկը համարում են ուկրաինական զորքերի դուրսբերումն այն տարածքներից, որոնք Ռուսաստանն իրենն է համարում:
ՌԴ ԱԳՆ-ում ավելի վաղ նույնպես հայտարարել էին, որ դեմ են շփման գծով մարտական գործողությունների կանգնեցմանը, հայտնում է «Կոմերսանտ»-ը:
